Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Ամսաթիվ Իրադարձության տեսակ Նկարագրություն Վայր Թեմա Առնչվող երկրներ Տեղեկույթի տեսակը

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ու նրա "կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործած հանցավոր խմբի անդամների" կողմից ՀԷՑ-ին պատճառված ենթադրյալ 64.5 մլրդ դրամի վնասի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ձերբակալելու որոշում կայացնելու վերաբերյալ։

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին շուրջ 64,6 մլրդ դրամի վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման գործով 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 

ՔԿ-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցավոր խումբը գործել է «Ս.Կ.» սկզբնատառերով անձի կազմակերպմամբ և ղեկավարմամբ։ Ըստ ամենայնի, խոսքը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի մասին է, որի բնակարանում այսօր խուզարկություններ են իրականացվել։ Սակայն Քննչական կոմիտեն հաղորդագրությունում նրա ինքնությունը պաշտոնապես չի բացահայտել։

Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդման ենթարկվող անձանց ձերբակալելու վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․ 

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով քննչական խմբի քննիչները ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ՆԳՆ-ից և ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մասնավորապես, Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ կատարել են ՓԲ ընկերության կանոնադրությամբ վերապահված՝ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման լիազորությունների չարաշահում, որն արտահայտվել է ընկերության բնականոն գործունեության ապահովման իրական անհրաժեշտությունից չբխող չափերով վարկային միջոցների ներգրավմամբ և հետագայում ընկերության բաժնետերերին շահաբաժինների, ընկերության և դրա պատասխանատու անձանց հետ փոխկապակցված, ինչպես նաև այլ կազմակերպություններին փոխառություններ և կանխավճարներ անհիմն տրամադրելու մեջ, ինչի արդյունքում նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել, ինչպես նաև ներգրավված վարկային միջոցներից 2024-2025 թվականներին ՓԲ ընկերությունից ապօրինի եղանակով դուրս է բերվել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամ` որպես շահաբաժին տրամադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններին, որի արդյունքում ՓԲ ընկերությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ 36 մլրդ 981 մլն 660 հզր ՀՀ դրամի, 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամի և 4 մլրդ 445 մլն 950 հզր 995 ՀՀ դրամի (ընդհանուր՝ 64 մլրդ 585 մլն 780 հզր 24 ՀՀ դրամ) վնաս:

Այնուհետև, վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին, այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ:

Նկարագրված արարքները կատարելու համար քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ անձանց ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց քննչական կոմիտե․ Խուզարկություններ են արվում Սամվել եւ Նարեկ Կարապետյանների տներում

Սամվել Կարապետյանը տեղափոխվեց քննչական կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը դիմակավորված անձանց ուղեկցությամբ տեղափոխվեց Քննչական կոմիտե։ Նրա ծափահարություններով և վանկարկումներով ճանապարհեցին նրան։

Տեղի ունեցավ նաև միջադեպ դիմակավորված անձանցից մեկի և Կարապետյանի աջակիցներից մեկի միջև։

Ինչպես ավելի ուշ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, դիմակավորված անձանցից մեկը «իրեն ուժեղ տղու տեղ էր դրել» և փորձել էր իրեն հրել։ «Իհարկե, չստացվեց»,- ասաց Ղազինյանը։


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Իրենք մտածում են, թե սենց ինչ-որ բանի կհասնեն։ Ինչ պլանավորել ես, չի ստացվել ու չի ստացվելու մոտդ, վախդ բռնել է մեր թշնամին»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իրենք մտածում են, թե սենց ինչ-որ բանի կհասնեն։ Ինչ պլանավորել ես, չի ստացվել ու չի ստացվելու մոտդ, վախդ բռնել է մեր թշնամին»,- այս մասին Սամվել Կարապետյանի առանձնատան բակում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո ձերբակալվել է տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ Սամվել Կարապետյանին առանձնատան հետևի մուտքից են տարել։ Նրա խոսքով՝ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան


ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են այցելել և 2013-ին, և 2014-ին. ԱԱԾ

ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են այցելել և 2013-ին, և 2014-ին. ԱԱԾ

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։ 

ԱԱԾ-ից տեղեկացրին նաև, որ նրանք Հայաստան են մուտ գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։ 

Ազգային անվտանգության ծառայությունից հիշեցրին նաև, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։

 

 

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցին այցելել է Երևան և պատմել սահմանն անցնելու մասին

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցին այցելել է Երևան և պատմել սահմանն անցնելու մասին
 
Թուրաբ Զեյնալովը մեկնել է Հայաստան՝ ընկերոջ հարսանիքին մասնակցելու նպատակով, և ուղևորությունը նկարահանել իր YouTube-յան ալիքի համար։

Նրա խոսքով՝ իր ադրբեջանական ծագման պատճառով նա կասկածում էր, որ իրեն թույլ կտան մուտք գործել երկիր։

«Սահմանին ինձ պահեցին երեք ժամ։ Հարցնում էին, թե երբ եմ վերջին անգամ եղել Ադրբեջանում։ Շատերն ասում էին, որ ոչինչ չի ստացվի»,- պատմել է նա։

Ի վերջո, Զեյնալովին թույլ են տվել մուտք գործել Հայաստան։ Շրջելով Երևանով՝ նա նշել է, որ քաղաքը որոշակի չափով հիշեցնում է Բաքուն։
 

Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարները խնդիրների են բախվել․ ՀՀ ԱԳՄԱՆ պարզաբանումը

Ի գիտություն հայաստանյան արտահանողների.
 
ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել:
 
ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և
 
✅ հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19:00 (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում,
 
✅ արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
 
 
https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/%D5%AB-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%A3%D5%B4%D5%A1-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A2%D5%A5%D5%AC%D5%A3%D5%AB%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A1%D5%B6/1760373776094400/

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով


«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովն այս մասին հայտարարել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում։ Նա ասել է, թե «Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջ դրել հակամարտությանը», նաև նշել, թե «Բաքվի առաջարկած սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի»։

«Համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր»,- հայտարարել է Բայրամովը։ Նա նշել է, թե վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում նախագահության գլխավոր առաջնահերթությունը եղել է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Նրա խոսքով՝ այս ուղղությունը շարունակում է առանձնահատուկ արդիականություն ունենալ միջազգային հակամարտությունների ընդլայնման, անվտանգության սպառնալիքների աճի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտման պայմաններում։ Բայրամովը ԹՊԿ-ի հիմնական առաջնահերթություններից մեկը համարել է տնտեսական համագործակցության ընդլայնումը։

«Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար»,- նշել է նա։ Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։

Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Աղբյուրը՝ factor.am https://factor.am/1076075.html 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթում անդրադարձել է թյուրքական աշխարհի միասնությանը և համախմբմանը, ԹՊԿ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, «ԹՊԿ+» ձևաչափի գործարկման կարևորությանը՝ Ռուսաստանի ներգրավմամբ, տրանսպորտային-լոգիստիկ փոխկապակցվածությանը, թվայնացման ու արհեստական գերբանականությանը, մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը, ԹՊԿ ծրագրային և կառուցվածքային զարգացմանը և հստակեցմանը։  

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելույթ է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովում

30 հոկտեմբերի, 2026 թվական

ք. Անկարա, Թուրքիա

Իր ելույթում Ղազախստանի Նախագահն ընդգծել է, որ ԹՊԿ-ն բացառիկ կառույց է, որն ամրապնդում է թյուրքական աշխարհի միասնությունը:

– Մեր անսասան սկզբունքը եղբայրական երկրների ինքնիշխանության և ազգային շահերի հանդեպ հարգանքն է: Թյուրքական աշխարհը մնում է համախմբված և միասին վստահորեն ընթանում է դեպի սահմանված նպատակները: Այսօրվա նիստի «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ» թեման առանձնահատուկ նշանակություն ունի: Գագաթնաժողովն անցկացվում է Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակի տարում, ինչը դրան հաղորդում է հատուկ խորհրդանշական իմաստ: Մեկ դար առաջ եղբայրական երկրների մտավորական էլիտան, հավաքվելով Բաքու քաղաքում, միավորեց իր ներուժը հանուն ընդհանուր նպատակի՝ մեր հոգևոր միասնության պահպանման և բազմապատկման: Հավատարիմ մնալով նախնիների պատգամներին՝ մենք շարունակում ենք համատեղ աշխատանքը հանուն թյուրքական ժողովուրդների համախմբվածության և կոնսոլիդացիայի ամրապնդման,– ասել է պետության ղեկավարը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպության ծառուղու կարևորությունը:

– Վստահ եմ, որ այս ծառուղին կդառնա մեր անքակտելի եղբայրության խորհրդանիշը: Ինչպես հայտնի է, աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է սրվել: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հատկապես Հորմուզի նեղուցի շուրջ առկա դիմակայությունը, գնալով ավելի լարված է դառնում: Այս ամենը բացասական ազդեցություն է ունենում համաշխարհային առևտրատնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաների վրա, այդ թվում՝ նրանց, որոնք կապում են հարևան թյուրքական պետությունները: Ղազախստանը վճռականորեն դատապարտում է հուսիական զինված շարժման անհիմն հարձակումները եղբայրական Սաուդյան Արաբիայի դեմ: Մենք աջակցում ենք նման իրավախախտ գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարություններին,– հայտարարել է Նախագահը։

Պետության ղեկավարի խոսքով՝ Ղազախստանն առանձնահատուկ հույսեր է կապում ԹՊԿ շրջանակներում տնտեսական փոխգործակցության առանցքային դերի հետ:

– Այս տարի մեր երկրի ապրանքաշրջանառությունը Կազմակերպության անդամ պետությունների հետ մոտեցել է 10 միլիարդ դոլարի: Անցյալ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 40%-ով: Նման դինամիկան պահպանելու համար մենք պետք է մի շարք քայլեր ձեռնարկենք։ Նախևառաջ, պետք է ապահովել «Թյուրքական աշխարհի տեսլական – 2040» ծրագրի որակյալ կատարումը։ Այս առումով կարևոր է արագացնել Թյուրքական պետությունների կազմակերպության 2027-2031 թվականների ռազմավարության ընդունումը։ Մենք աջակցում ենք փաստաթղթի նախագծով նախատեսված միջոցառումների համալիրին, որն ուղղված է առևտրի, ներդրումների, ֆինանսների, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և այլ ոլորտների զարգացմանը։ Սկզբունքորեն կարևոր է, որ ընդունվող հնգամյա ռազմավարությունը կողմնորոշված լինի կոնկրետ նախագծերի իրականացմանը։ Ուստի, այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է առավելագույնս գործադրել Թյուրքական ներդրումային հիմնադրամի հնարավորությունները։ Այս ինստիտուտն ունի հսկայական ներուժ, որի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները։ Բացի այդ, տնտեսական ինտեգրման խորացման համար հարկավոր է օգտագործել Թյուրքական առևտրաարդյունաբերական պալատի հնարավորությունները։ Այս կառույցում Ղազախստանի նախագահության շրջանում իրականացվել են մի շարք միջոցառումներ և պատրաստվել են կարևոր փաստաթղթեր։ Այս աշխատանքին լրացուցիչ թափ հաղորդելու համար կարելի է 2027 թվականին մեր երկրում անցկացնել գործարար համաժողով։ Կարծում ենք, որ ԹՊԿ Ավագների խորհրդի գործունեությունը նույնպես շատ նշանակալի է։ Մենք պետք է այս կառույցին ցուցաբերենք ֆինանսական և այլ համակողմանի աջակցություն,– առաջարկել է Նախագահը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է «Թյուրքական պետությունների կազմակերպություն +» ձևաչափի գործարկման կարևորությունը՝ փոխգործակցության հետագա ամրապնդման համար։

– Մեր Կազմակերպության հեղինակության բարձրացման նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել ԹՊԿ գործունեությանը՝ որպես դիտորդ։ Լինելով խոշոր տերություն՝ Ռուսաստանը դարեր շարունակ սերտ կապեր է պահպանում թյուրքական աշխարհի հետ։ Այդ երկրի տարածքում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ներկայումս Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության օրրան» նախագիծը, որին Ղազախստանն աջակցում է։ Ռուսերենում քիչ չեն թյուրքական ծագում ունեցող բառերը։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների, այսինքն՝ մեր Կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին,– ասել է Նախագահը։

Այնուհետև պետության ղեկավարն առաջնահերթ խնդիրներից է անվանել տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում գործընկերության խորացումը։

– Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կարևոր դեր է խաղում թյուրքական աշխարհի փոխկապակցվածության ապահովման գործում։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է 30%-ով, ընդ որում տարանցիկ փոխադրումներն աճել են 90%-ով։ Ղազախստանի և ԹՊԿ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն աճել է 10%-ով՝ մոտենալով 40 միլիոն տոննայի նշագծին։ 20%-ով աճել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասշտաբները՝ հասնելով 6,5 միլիոն տոննայի։ Ղազախստանի տարանցիկ ներուժի ընդլայնման համար մենք մտադիր ենք մեր երկրում իրականացնել հատուկ ծրագիր։ Ընդհանուր առմամբ, լոգիստիկ ենթակառուցվածքների և ծովային նավահանգիստների արդիականացումը Միջին միջանցքի երկայնքով Ղազախստանի համար պահպանում է առաջնահերթ նշանակությունը։ Միևնույն ժամանակ, տրանսպորտային-լոգիստիկ մյուս երթուղիները, այսինքն՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը և այլ ուղղությունները, նույնպես մնում են խիստ շահավետ և արդյունավետ մեր երկրի համար»,– նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Պետության ղեկավարը կարծում է, որ թվայնացման և արհեստական բանականության զարգացումն այսօրվա հրամայականն է։

– Մեր պետություններն ակտիվորեն զբաղվում են լայնածավալ թվային տրանսֆորմացիայով։ Ղազախստանն իր առջև նպատակ է դրել դառնալ թվային պետություն։ Այս ուղղությամբ զգալի աշխատանք է տարվում։ Այս տարին մեր երկրում հայտարարված է Թվայնացման և արհեստական բանականության տարի։ Աստանայում ստեղծվել է «Alem.ai» արհեստական բանականության կենտրոնը։ Բացվել է «Qazaq AI Research University» համալսարանը՝ արհեստական բանականության ոլորտում կադրերի պատրաստման համար։ Ձևավորվում է տվյալների մշակման կենտրոնների հովիտ՝ 1 գիգավատ ընդհանուր հզորությամբ։ Գործարկվել են երկու սուպերհամակարգիչներ, և շուտով կսկսի աշխատել երրորդ՝ շատ հզոր սուպերհամակարգիչը։ Ընդունվել են Թվային օրենսգիրքը և արհեստական բանականության մասին հատուկ օրենքը։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք կիսվել այս ոլորտում մեր փորձով եղբայրական թյուրքական երկրների հետ։ Ինչպես բոլորին քաջ հայտնի է, այս տարվա մայիսին Տուրկեստանում կայացած հանդիպմանը մենք քննարկում էինք արհեստական բանականության և թվայնացման զարգացման հեռանկարները։ Այս միջոցառման արդյունքներով իրականացվում են մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Բացի այդ, վերջերս Ղազախստանի և Ադրբեջանի միջև գործարկվեց Տրանսկասպյան մանրաթելային-օպտիկական կապի գիծը։ Այս բացառիկ նախագծի հնարավորություններից կկարողանան օգտվել նաև թյուրքական պետությունները։ Միևնույն ժամանակ, կարճ ժամկետներում նախատեսվում է իրականացնել զգալի աշխատանք։ Մասնավորապես, պետք է արագացնել Կիբեռանվտանգության խորհրդի, ինչպես նաև թվային մոնիթորինգի և նորարարությունների կենտրոնների ստեղծման նախաձեռնությունների իրականացումը։ Անկասկած, այս նախագծերը կնպաստեն թվային ոլորտում մեր երկրների գործընկերության հետագա ընդլայնմանը,– ընդգծել է նա։

Նախագահի խոսքով՝ բազմակողմանի փոխգործակցության օրակարգում ավանդաբար կարևոր տեղ է զբաղեցնում մշակութային-հումանիտար կապերի ամրապնդումը։

– Ղազախստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում թյուրքական ժողովուրդների պատմական ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանն ու հանրայնացմանը։ Այս տարի Տուրկեստանում կայացած հանդիպմանը ես առաջարկեցի ստեղծել Թյուրքական քաղաքակրթության կենտրոն և «Մանգիլիկ էլ» («Հավերժական արմատներ») կենտրոն, որը կոչված է հանրայնացնելու Տափաստանային քաղաքակրթությունը։ Ներկայումս ընթանում են համապատասխան աշխատանքներ։ Անհրաժեշտ ենք համարում արագացնել Թյուրքական քաղաքակրթության ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի ընդունումը։ Բացի այդ, մեր երկրում շարունակվում է աշխատանքը «Ղազախստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հիմնարար յոթհատորյակի վրա։ Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում թյուրքական երկրների գիտական հանրության ներկայացուցիչներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են այս աշխատանքին։ Այս ակադեմիական աշխատությունը թույլ կտա համակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ կերպով իմաստավորել պատմական իրադարձությունները գիտական տեսանկյունից,– նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Պետության ղեկավարը բարձր է գնահատել ԹՊԿ-ի հետ կապված կառույցների գործունեությունը:

– Թյուրքական ակադեմիայի նախաձեռնությամբ հրատարակվել են մի շարք աշխատություններ՝ նվիրված ընդհանուր պատմական և մշակութային հուշարձաններին: Դրանց թվում պատրաստվել են «Թյուրքական աշխարհի սրբազան աշխարհագրությունը» եռահատոր հրատարակությունը և «Հին թյուրքական գրավոր հուշարձաններ» հնգահատոր կատալոգը: Բացի այդ, լույս է տեսել 25-հատորանոց «Ժամանակակից թյուրքական լեզուների բառարանը»: Այս աշխատությունները թյուրք գիտնականների աշխատանքի ծանրակշիռ արդյունքն են: Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամը մշակել է «Turkic Heritage» միջազգային թվային հարթակը: Այս եզակի էլեկտրոնային ռեսուրսը կոչված է նպաստելու թյուրքական աշխարհի պատմության, գրականության և մշակութային ավանդույթների խորը ուսումնասիրությանը: Անդրադառնալով մեր ընդհանուր պատմությանը՝ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ալթայը: Այս տարի Ղազախստանում բարձր մակարդակով անցկացվեց «Ալթայը՝ թյուրքական աշխարհի ոսկե օրրան» միջազգային փառատոնը: ԻՍԵՍԿՕ կազմակերպության որոշմամբ՝ սրբազան Տուրկեստան քաղաքը 2027 թվականին կդառնա իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Այս նախաձեռնության շրջանակներում մենք ծրագրում ենք անցկացնել լայնամասշտաբ միջոցառումներ՝ ուղղված թյուրքական քաղաքակրթության հոգևոր միասնության և հաջորդականության պահպանմանը: Կկազմակերպվի Խոջա Ահմեդ Յասավիի անվան միջազգային համաժողով՝ նվիրված գրականության և լեզվի հարցերին: Կկայանա նաև թյուրքական և իսլամական աշխարհի թանգարանային գործի մասնագետների հանդիպում: Հրավիրում ենք գիտական շրջանակների ներկայացուցիչներին ամենաակտիվ մասնակցությունն ունենալ այս միջոցառումներին, – ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ղազախստանի Նախագահն ընդգծել է Թյուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալ կառուցվածքի առաջնահերթ ամրապնդման անհրաժեշտությունը:

– Վերջին տարիներին ԹՊԿ գործունեության ոլորտն զգալիորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով արդեն 60 տարբեր ուղղություններ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ որոշ գործառույթներ կրկնում են միմյանց: Դրանից ելնելով՝ մենք պետք է սահմանենք համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունները: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է կառուցվածքի բերել մեր առջև ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները: Բացի այդ, կցանկանայի նշել մեր Կազմակերպության շրջանակներում բարձր մակարդակով ստորագրված պայմանագրերի դրույթների խախտման անթույլատրելիությունը: Կարևոր եմ համարում նաև վերստին նշել ԹՊԿ-ին կից Մշտական ներկայացուցիչների խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսին Տուրկեստանում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը ես հայտարարեցի այն մասին, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը չի հանդիսանում և ապագայում չպետք է վերածվի ռազմական դաշինքի: Սա Ղազախստանի դիրքորոշումն է, – հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Իր ելույթի ավարտին Պետության ղեկավարը հիշեցրել է ղազախական «Բերեկե – բիրլիկտե, ըրըս – ընտըմաքտա» («Բարօրությունը՝ միասնության մեջ է, առատությունը՝ համաձայնության») առածը և ընդգծել ջանքերի համախմբման կարևորությունը հանուն ընդհանուր նպատակների իրագործման:

– Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը նոր թափ կհաղորդի ԹՊԿ գործունեությանը և կնպաստի մեր փոխգործակցության հետագա ամրապնդմանը: Այս առումով կցանկանայի հատկապես նշել, որ Ադրբեջանը, որը նախորդ տարվանից նախագահում է Կազմակերպությունում, անգնահատելի ավանդ է ներդրել դրա հեղինակության բարձրացման գործում: Երախտագիտություն եմ հայտնում ադրբեջանական կողմին: Այժմ նախագահությունը անցնում է Թուրքիային: Վստահ եմ, որ առաջիկա շրջանում Կազմակերպության շրջանակներում կկյանքի կոչվեն նոր նախաձեռնություններ: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Կուբանիչբեկ Օմուրալիևին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթում նոր Գլխավոր քարտուղար Միրվոխիդ Ազիմովին: Եվս մեկ անգամ երախտագիտությունս եմ հայտնում Թուրքիայի Հանրապետության Նախագահին գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Թող ամրապնդվի թյուրքական ժողովուրդների միասնությունը, – եզրափակել է Ղազախստանի Նախագահը:

Գագաթնաժողովում ելույթ են ունեցել նաև Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղրղզստանի Նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի Նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի Նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը:

Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Անկարայի հռչակագիրը:

Աղբյուր՝ Ղազախստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք, https://www.akorda.kz/ru/kasym-zhomart-tokaev-vystupil-na-13-m-sammite-organizacii-tyurkskih-gosudarstv-3091018

«Մեզ համար լեզվի միասնությունը մեր ընդհանուր գանձը պահպանելն ու զարգացնելն է և միմյանց առանց միջնորդների հասկանալը: Մտքի միասնությունը ընդհանուր նպատակների շուրջ համախմբվելն ու համատեղ ռազմավարություն մշակելն է: Իսկ գործի միասնությունը մեր խոսքը գործողության, կամքը՝ արդյունքի, իսկ որոշումները՝ ձեռքբերումների վերածելն է»․ Էրդողան

 

Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության Պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Բեշթեփե» ազգային ցուցահանդեսային սրահում «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ» թեմայով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում:

Իր խոսքը սկսելով մասնակիցներին ողջունելով՝ Նախագահ Էրդողանն ասել է. «Երեկ մենք ձեր մասնակցությամբ մեծ հպարտությամբ և խանդավառությամբ նշեցինք մեր Հանրապետության 103-րդ տարեդարձը: Իսկ այսօր, որպես եղբայրական թյուրքական պետությունների առաջնորդներ, հավաքվել ենք՝ քննարկելու մեր ընդհանուր ապագան: Նախևառաջ, յուրաքանչյուրիդ առանձին-առանձին շնորհակալություն եմ հայտնում Հանրապետության տոնի մեր ուրախությունը կիսելու համար»։

Նշելով, որ երեկ իրենց բացած «Թյուրքական պետությունների կազմակերպության մշակութային պարկում» հյուրընկալված պետությունների հատուկ նվերները էլ ավելի են արմատավորել իրենց միջև առկա միասնությունը, Նախագահ Էրդողանն ասել է. «Երեկ և այսօր արված մեր համատեղ լուսանկարը դարձել է ինչպես մեր անցյալի հանդեպ ունեցած հավատարմության, այնպես էլ մեր ընդհանուր ապագան միասին կառուցելու կամքի խորհրդանիշը»։

Հիշեցնելով, որ գագաթնաժողովի թեման՝ «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ», սահմանելիս ոգեշնչվել են երջանկահիշատակ Իսմայիլ Գասպրինսկուց, Նախագահ Էրդողանը շարունակել է.

«Մեզ համար լեզվի միասնությունը մեր ընդհանուր գանձը պահպանելն ու զարգացնելն է և միմյանց առանց միջնորդների հասկանալը: Մտքի միասնությունը ընդհանուր նպատակների շուրջ համախմբվելն ու համատեղ ռազմավարություն մշակելն է: Իսկ գործի միասնությունը մեր խոսքը գործողության, կամքը՝ արդյունքի, իսկ որոշումները՝ ձեռքբերումների վերածելն է։ Այս ընկալմամբ՝ Թուրքիան այսօր Ադրբեջանից ստանձնում է մեր Կազմակերպության գործող նախագահությունը։ Կազմակերպության անունից շնորհավորում եմ մեր ադրբեջանցի եղբայրներին իրենց նախագահության շրջանում ներդրած ջանքերի համար:

Հուսով եմ, որ մեր նախագահության ընթացքում մենք նպատակ ունենք կազմակերպության մինչ օրս կուտակած ինստիտուցիոնալ փորձը վերածել ավելի շոշափելի ձեռքբերումների: Մենք ցանկանում ենք առաջընթաց գրանցել եղբայրական կապերն ամրապնդող ընդհանուր լեզվի տարածման, սպորտային և հատկապես մշակութային միջոցառումների աջակցման, մեր երկրների միջև ճանապարհորդությունների դյուրացման ոլորտներում։ Թյուրքական աշխարհի ապագան կառուցելիս մենք կարևորում ենք ընտանիքի ինստիտուտի ամրապնդումն ու կանանց դերի աջակցումը մեր հասարակություններում»։

«Թյուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարում տեղ չկա բաժանման, տարանջատման կամ հակամարտության համար»

Հայտնելով իր մեծ գոհունակությունը, որ Ընտանիքի և կանանց հարցերի խորհրդի Բարձրագույն պատվո խորհրդի առաջին նիստն անցկացվում է իր տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հովանու ներքո, Նախագահ Էրդողանն ասել է. «Այստեղ կցանկանայի ընդգծելով շեշտել. թյուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարում տեղ չկա բաժանման, տարանջատման կամ հակամարտության համար: Մենք բոլորս մեկ ենք, միասին ենք և եղբայրներ ենք ի սկզբանե և հավիտյան: Այս առումով հույս ունեմ, որ մեր ընտանեկան խորհուրդը կընդլայնի կապերը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ: Ցանկանում եմ նաև օգտվել առիթից և բարձր գնահատել Թուրքմենստանի ավանդը մեր աշխատանքներում։ Մեր եղբայր Սերդարի դինամիկ առաջնորդությամբ՝ հույս ունենք մոտ ժամանակներս Թուրքմենստանին տեսնել որպես լիիրավ անդամ մեր ընտանեկան խորհրդում»։

«Աջակցում եմ Հայաստանի հետ մեր ադրբեջանցի եղբայրների իրականացրած շփումներին»

«Խաղաղության և կայունության Հարավային Կովկասը տարածաշրջանի երկրների հետ միասին նշանակալի հնարավորություններ կստեղծի ողջ թյուրքական աշխարհի համար»,– ասել է Նախագահ Էրդողանը և հանդես եկել հետևյալ գնահատականներով.

«Աջակցում եմ այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրներն իրականացնում են Հայաստանի հետ, և հայտարարում եմ, որ մենք շարունակելու ենք հնարավորինս նպաստել տևական խաղաղության հաստատմանը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունները ոչ մի կողմի օգուտ չեն բերում և ծանր հետևանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի ու էներգետիկ շուկաների համար։ Մեր հույսն ու ցանկությունն է, որ Իրանի հետ վերջին շրջանում վերստին սրված լարվածությունը զենքի փոխարեն վերածվի դիվանագիտության։ Մեր արնահոսող վերքը հանդիսացող Պաղեստինի հարցի արդարացի լուծման համար, որպես թյուրքական պետություններ, մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք: Պետք է անհրաժեշտ ներդրում ունենանք Գազա մարդասիրական օգնության հասցման և վերակառուցման աշխատանքների շուտափույթ մեկնարկի համար: Մենք պետք է շարունակենք աջակցել 1967 թվականի սահմանների հիման վրա, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և ինքնիշխան Պաղեստինյան պետության կայացմանը։ Ինչպես մեր անցյալը, այնպես էլ ապագան, ինչպես մեր դժվարությունները, այնպես էլ հաջողությունները ընդհանուր են։ Հաշվի առնելով մեր յուրաքանչյուր անդամի ազգային զգայունությունները՝ մենք պետք է ձգտենք ընդլայնել մեր ընդհանուր շահերը «փոխշահավետության» սկզբունքով։ Ես հավատում եմ, որ թյուրքական աշխարհը արևելքից արևմուտք ձգվող հզոր առևտրային, տրանսպորտային և էներգետիկ կենտրոնի վերածելը մեր ձեռքերում է: Տրանսկասպյան Միջին միջանցքը ռազմավարական գիծ է, որն ուղղորդելու է վաղվա առևտուրը»։

«Մեր երկրների շուկաները կարող ենք միավորել մեկ հարկի տակ»

Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ կիբեռանվտանգությունը նույնքան կենսական է, որքան ցամաքային, օդային և ծովային անվտանգությունը։

Շեշտելով, որ ակնկալում են կիբեռանվտանգության և կիբեռհամագործակցության հուշագրի շուտափույթ ստորագրումն ու կյանքի կոչումը, Նախագահ Էրդողանն արձանագրել է հետևյալը.

«Տիեզերական ոլորտում համատեղ արբանյակային նախագծի արագացումը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունների թվում։ Միասնական թվային առևտրային հարթակի միջոցով մենք կարող ենք մեր երկրների շուկաները միավորել մեկ հարկի տակ։ Ակնկալում ենք, որ մեր բոլոր անդամ երկրներն իրենց ներդրումը կունենան մեծ թյուրքական լեզվական մոդելի (AI LLM) մշակման աշխատանքներում, որն ընդգրկելու է օղուզյան, ղփչաղյան և կարլուկյան լեզվախմբերը։ Մեր նախագահության ընթացքում մենք արհեստական բանականության և թվային զարգացման գործողությունների պլանը առաջ կմղենք արդյունքին միտված և կրկնություններից զերծ մոտեցմամբ։ Շատ կարևոր եմ համարում 2027-2031 թվականների ռազմավարությամբ Ռազմավարական գործընկերության և հավերժ բարեկամության պայմանագրի վերջնականացումը։ Ինչպես գիտեք, նոյեմբերի 11-12-ը Անթալիայում հյուրընկալելու ենք COP31 Առաջնորդների գագաթնաժողովը։ Կցանկանայի վերստին հայտնել, որ ակնկալում եմ ձեր՝ իմ հարգելի եղբայրներիդ մասնակցությունը»։

Շնորհակալություն հայտնելով ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին 2022 թվականից ի վեր Կազմակերպությանը մատուցած ծառայությունների համար, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, Նախագահ Էրդողանը հաջողություն է մաղթել նոր գլխավոր քարտուղար Միրվոխիդ Ազիմովին։

«Այսօր մեր ստանձնած հերթական նախագահությունը մենք դիտարկում ենք որպես ծանր պատասխանատվություն և արժեքավոր ավանդ: Հուսով եմ, որ մենք ջանք չենք խնայի այս ավանդին արժանիորեն տեր կանգնելու համար»,– ասել է Նախագահը։

Աղբյուրը՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք, https://www.iletisim.gov.tr/turkce/haberler/detay/cumhurbaskani-erdogan-turk-devletleri-teskilati-devlet-baskanlari-konseyi-13-zirvesinde-konustu

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե

«Տարածաշրջանում ներկայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, խաղաղ համակեցության շարունակությունն ու երկխոսությունը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում։ Նա ասել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մեկնարկած խաղաղության գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման։ «Տնտեսական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության անկյունաքարն են։ Երկու երկրների հարաբերությունների իրավական հիմքն ու ավելի լայն քաղաքական զարգացումները նպաստում են տնտեսական համագործակցության համակողմանի զարգացմանը։ Մեր նպատակն է զարգացնել ձեռքբերված արդյունքները, այդ թվում՝ առավելագույնս օգտագործել վրացական արտադրանքի առևտրային ներուժը, դիվերսիֆիկացնել առևտրային հարաբերությունները և ընդլայնել ներդրումային գործունեությունը»,- հավելել է նա։

Աղբյուրը՝ factor.am https://factor.am/1075908.html

ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումները Հնդկաստանի տնտեսական կառույցներում

 

ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումները Հնդկաստանի տնտեսական կառույցներում

Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել «Հնդկաստանի արդյունաբերության համադաշնությունում» (Confederation of Indian Industry), «Invest India» ներդրումների խթանման գործակալությունում և Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդում (Pharmexcil)։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը և արդի միտումները, արտահանման շուկաների բազմազանեցման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորությունները։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։

Աղբյուրը՝ mfa.am https://www.mfa.am/hy/press-releases/2026/10/29/Safaryan_India/14240 

 

 

2026 թվականի հոկտեմբերի 29-30-ին Անկարայում (Թուրքիա)՝ «Բեշթեփե» նախագահական համալիրում, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը՝ «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ» կարգախոսով։

Մեկնարկել է Թյուրքական պետությունների ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը

Թուրքիայի նախագահ Էրդողանի հյուրընկալությամբ՝ «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ» խորագրի ներքո անցկացվող գագաթնաժողովը մեկնարկել է առաջնորդների համատեղ լուսանկարմամբ։

Ուրբաթ օրը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ՝ «Թյուրքական դար. միասնություն լեզվի, մտքի և գործի մեջ» խորագրով անցկացվող գագաթնաժողովը սկսվել է առաջնորդների համատեղ լուսանկարվելու արարողությամբ։

Էրդողանը ողջունել է ժամանող առաջնորդներին «Բեշթեփե» ազգային ցուցահանդեսային սրահում:

Համատեղ լուսանկարման արարողությանը մասնակցել են Էրդողանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, ինչպես նաև դիտորդ պետությունները ներկայացնող Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Թուֆան Էրհյուրմանը և ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

Content media

Ժամանող առաջնորդներին «Բեշթեփե» ազգային ցուցահանդեսային սրահի մուտքի մոտ ողջունել են նաև պատմական 16 թյուրքական պետությունների դրոշները կրող զինվորները և ավանդական ենիչերիների համազգեստով զինվորականները։

Հեղինակ՝ Էսրա Թեքին


Աղբյուր՝ Անադոլու գործակալություն (Anadolu Agency), https://www.aa.com.tr/en/world/13th-summit-of-heads-of-state-of-turkic-states-kicks-off/4105975

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ամբողջական տեքստը

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր

 

Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ («Համատեղ հռչակագիր»)՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գործին նպաստելու համար, որի ստորագրմանը վկա է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը,

հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկություն են հայտնում ունենալ հարատև գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև,

հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու նպատակով, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,

հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,

հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԹԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար,

հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը կոչված են ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,

հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա, միաժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասը և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և հանդիսանալով կենսական օղակ Տրանսկասպյան առևտրային երթուղու համար, և ակնկալելով, որ ԹՐԻՓՓ-ը կստեղծի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով,

վկայակոչելով 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին համաձայնագիրը», 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին համաձայնագիրը», 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին պայմանագիրը»,

հետևաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգները («Միացյալ Նահանգներ») և Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») (յուրաքանչյուրն առանձին՝ «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր») սույնով կնքում են ԹՐԻՓՓ-ին վերաբերող սույն շրջանակային համաձայնագիրը («Համաձայնագիր»)` համաձայն փաստաթղթում սահմանված կարգի։

 

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակներով՝

  1. «Բաժնետերեր» նշանակում է ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը։
  2. «Բաժնետիրական համաձայնագիր» նշանակում է Միացյալ Նահանգների և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ կարգավորվող առևտրային փաստաթուղթ, որը կարգավորելու է ԹԶԸ-ի Բաժնետերերի որոշակի իրավունքները և պարտավորությունները, և ԹԶԸ-ի կառավարման և ղեկավարման առնչվող հարցերը։
  3. «Հատուկ նշանակության կազմակերպություն (ՀՆԿ)» նշանակում է ԹԶԸ-ի կողմից հիմնադրվելիք դուստր կազմակերպություն՝ ԹՐԻՓՓ-ի կոնկրետ ուղղության իրականացման նպատակով։
  4. «ԹԶԸ» նշանակում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն՝ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք համատեղ ձեռնարկություն, որը Հայաստանում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն։
  5. «ԹԶԸ ԱՄՆ» նշանակում է առևտրային կազմակերպություն, որը պետք է հիմնադրվի Դելավեր նահանգում որպես Միացյալ Նահանգների գործակալություն հանդիսացող Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (ԶՖԿ) ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն:
  6. «ԹԶԸ-ի կանոնադրություն» նշանակում է Հայաստանի օրենսդրութամբ կարգավորվող առևտրային բնույթի փաստաթուղթ, որի նպատակն է ԹԶԸ-ի ստեղծումը։
  7. «ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածք» նշանակում է Հայաստանի այն հողատարածքը, որը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվելու է կոնկրետ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար՝ ԹԶԸ-ի (հիմնադրվելուց հետո) հետ խորհրդակցությամբ` հիմք ընդունելով, սակայն չսահմանափակվելով, իրագործելիության և նախագծման ուսումնասիրություններով, ինչպես նաև քաղաքական նկատառումներով (համատեղ՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներ»):
  8. «ԹՐԻՓՓ նախագիծ» նշանակում է Հայաստանում իրականացվող կոնկրետ նախագիծ, որը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ճանաչվում է որպես ԹՐԻՓՓ շրջանակի մաս, այդ թվում, բայց չսահմանափակվելով ԹՐԻՓՓ-ի հետևյալ բաղադրիչներով՝ երկաթուղային, ավտոճանապարհային, նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծերով (միասին՝ «ԹՐԻՓՓ նախագծեր»):

 

Հոդված 2. Համաձայնագրի նպատակներ

  1. Սույն Համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործիքների ներդրմամբ:
  2. Կողմերը պետք է համագործակցեն ԹՐԻՓՓ-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով:

 

Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովում

  1. Կողմերի քաղաքականությունն է համագործակցել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ և ապահովել, որ երկու Կողմերն էլ ունենան ուղղակի շահագրգռվածություն ԹՐԻՓՓ-ի հաջողության ապահովման գործում:
  2. Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը համատեղ հիմադրեն ԹԶԸ անվամբ համատեղ ձեռնարկություն, որտեղ ԹԶԸ ԱՄՆ-ն կունենա 74% վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ Կողմերը լրացուցիչ նախատեսում են, որ ԹԶԸ-ն կաջակցի ԹՐԻՓՓ-ի իրականացմանը: ԹԶԸ-ի ստեղծման նպատակով Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը:
  3. Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով: Այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, և ժամկետի երկարաձգումը պետք է հանդիսանա Հայաստանի կողմից ԹԶԸ-ում իր մասնակցության նման ավելացման դիմաց միակ հատուցումը։ Հայաստանի համար սեփականության բաժնեմասի ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից ժամկետի երկարաձգման դիմաց միակ հատուցումը։
  4. Կողմերի կողմից նախատեսվում է, որ Բաժնետերերը, ըստ անհրաժեշտության, ԹԶԸ-ի կանոնադրությամբ և Բաժնետիրական համաձայնագրով պետք է սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող և Կողմերին վերապահված հարցերի համար, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
  5. Կողմերին վերապահված հարցերը վերաբերում են հետևյալին, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝ բաժնետերերի մասնակցություն (այդ թվում՝ ԹԶԸ-ի նկատմամբ վերահսկողության փոփոխություն, ԹԶԸ-ի բաժնետոմսերի փոխանցումներ, ՀՆԿ-ների հիմնադրում և դրանց նկատմամբ սեփականություն), որոշակի խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքներ կնքելու որոշումներ, կոնցեսիոն իրավունքների շնորհում և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանների սահմանում, ինչպես նաև Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը վերաբերող և քաղաքական բնույթի այլ հարցեր։ ՀՆԿ-ների մակարդակում համանման բնույթի հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
  6. ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների կողմից անհրաժեշտ գործարքների կնքմանն աջակցելու նպատակով Հայաստանը համաձայնում է բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ: Հայաստանը համաձայնում է, որ նման բացառությունները, ըստ անհրաժեշտության, պետք է նշվեն Բաժնետիրական համաձայնագրում և (կամ) ԹԶԸ-ի կանոնադրության մեջ։
  7. Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն մշտապես կհանդիսանա Միացյալ Նահանգների սեփականությունը և կգտնվի նրա վերահսկողության ներքո, և որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ ԱՄՆ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ։

 

Հոդված 4. ՀՆԿ-ներ

  1. Կողմերն ակնկալում են, որ ՀՆԿ-ները գործելու են որպես ԹԶԸ-ի դուստր ձեռնարկություններ՝ ԹՐԻՓՓ-ի բաղադրիչներից յուրաքանչյուրը որպես ԹՐԻՓՓ նախագիծ իրականացնելու նպատակով։
  2. 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ-ն յուրաքանչյուր ՀՆԿ-ի ստեղծման և դրանում ունեցած իր բաժնեմասնակցության միջոցով իրեն վերապահելու է որոշակի հարցերի առնչությամբ որոշումների կայացման լիազորությունը, որոնք որոշվելու են ԹԶԸ-ի կողմից։
  3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն լիազորված կլինի ընտրելու ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ նախագծին աջակցող երրորդ կողմերի, ներառյալ այն երրորդ կողմերին, որոնք հանդես են գալիս որպես տվյալ ԹՐԻՓՓ նախագծի կոնցեսիոներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև ԻՄՇ (ինժեներական, մատակարարման և շինարարական) ծառայություններ մատուցողներ:
  4. Հայաստանը 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխանող և ԹԶԸ-ի կողմից հաստատված ՀՆԿ-ի հետ կկնքի կոնցեսիոն կամ այլ համաձայնագրեր՝ համաձայն 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի։

 

Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգում և ԹԶԸ-ի գործունեության ապահովում

1. Հայաստանը պետք է նշանակի պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձի՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության ներգրավվածությունը սույն Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով։

2. Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Հայաստանի կառավարությունը պետք է նպաստի հետևյալի ապահովմանը`

ա) համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը,

բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնությունների ժամանակին տրամադրումը և կարգավորիչ ընթացակարգերի իրականացումը:

3. Միացյալ Նահանգները համաձայնում է նշանակել բարձր մակարդակի կոնտակտային անձի ԹՐԻՓՓ-ին առնչվող ցանկացած քաղաքական հարցի քննարկման նպատակով։

4. Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը։

5. Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը։

6. Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ֆինանսավորում և (կամ) աջակցել ԹՐԻՓՓ նախագծերի համար ֆինանսավորման ապահովմանը՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ու կիրառելի պահանջներին համապատասխան կամ հանրային և ոչ հանրային ներդրողների կողմից առևտրային պայմաններով։

 

Հոդված 6. Հողամասեր/ կառուցապատման իրավունքներ/ կոնցեսիաներ

1. Հայաստանը պետք է ձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում՝

ա) ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների երկայնքով գտնվող հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականությունը, և

բ) ապահովելու, որ այդ հողերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրելու այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։

2. ԹԶԸ-ի հիմնադրումից և ԹՐԻՓՓ-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրում է 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները, որոնք համատեղ կորոշվեն Հայաստանի կառավարության և ԹԶԸ-ի կողմից՝ համապատասխան ԹՐԻՓՓ ծրագրի արդյունավետ զարգացման, շահագործման և (կամ) պահպանման համար, ըստ կիրառելիության, և այդ իրավունքները լրիվությամբ փոխանցելի կլինեն ՀՆԿ-ներին։

3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ին թույլատրվում է մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք հիմք կհանդիսանան 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կոնցեսիոների ընտրության կարգի համար։

4. Հայաստանը համաձայնում է, որ՝

ա) շարունակում է մնալ ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, որպես այդպիսին, չի համարի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները,

բ) չի համարի, որ ԹԶԸ -ն հանդիսանում է կոնցեսիոներ կամ ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն որևէ կոնցեսիայի շրջանակներում։

5. Կողմերն ակնկալում են, որ կառուցապատման իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո կամ այն դեպքում, երբ ԹԶԸ-ն որևէ պատճառով դադարեցնի իր գործունեությունը, կամ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ ԹԶԸ-ի ունեցած մնացորդային ցանկացած իրավունք վերադարձվում է Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման։

6. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի խոչընդոտում որևէ անձի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ նախագծեր չհանդիսացող ենթակառուցվածքի կառուցումն ու շահագործումը:

 

Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքում և ենթակառուցվածքների անվտանգություն

1. Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է իր լիազորությունները Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։

2. Կողմերը նախատեսում են, որ Հայաստանը պետք է ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների ենթակառուցվածքային անվտանգության պլանները հաստատելու իրավունքը։ Այդ պլաններում մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավում նախատեսվելու դեպքում այդ անձնակազմը ենթակա է հայաստանյան արտոնագրման պահանջներին։

 

Հոդված 8. Մաքսային հսկողություն/ սահմանային անվտանգություն

1. Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է իրականացնել արդյունավետ սահմանային կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝

ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,

բ) սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն,

գ) մաքսային և միգրացիոն վերահսկողություն,

դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,

ե) պետական տեղեկատվական համակարգեր, և

զ) պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։

2. Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, օգտագործելով թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» («ընդունարան» - «գրասենյակ») գործառական մոդելի ներդրման համար՝ ԹԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան:

3. Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ:

4. Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում, որը ստորագրվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին:

5. Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում։

 

Հոդված 9. Հարկում

  1. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից` որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին` որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։
  2. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։
  3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն, ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալ շահույթի հարկ չի վճարի։
  4. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում չեն ենթարկվի հարկման` Հայաստանի կառավարությունից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ից ՀՆԿ-ներին սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նշված իրավունքների փոխանցման գործարքների համար:

 

Հոդված 10. Վեճերի կարգավորում

  1. Կողմերը կձգտեն համաձայնության հասնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով։
  2. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ վեճ ծագելու դեպքում այն պետք է կարգավորվի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով։

 

Հոդված 11. Տեխնիկական դրույթներ

  1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի միջև փոխանակվող վերջին հայտագրի ստացման օրվանից։
  2. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
  3. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից ցանկացածի կողմից՝ մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ գրավոր ծանուցումն ուղարկելու օրվանից 1 տարի հետո։

 

Աղբյուր՝ Հայաստանի ԱԳՆ (Արտաքին գործերի նախարարություն) պաշտոնական կայք, https://usa.mfa.am/hy/news/2026/05/26/TRIPP_Framework/13971?mfa_news=1

ԱՄՆ պետական քարտուղարության պաշտոնական կայք, https://www.state.gov/wp-content/uploads/2026/06/TRIPP-Framework-Agreement-United-States-and-Armenia-June-2026-HRC1418739-Accessible-6.8.2026.pdf

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

 

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից։

«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը և անդամություն սառեցրել ենք, և, եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը մեկնաբանություններ են անում, իզուր, մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասաց Միրզոյանը:

Աղբյուրը՝ Արմենպրես https://armenpress.am/hy/article/1264083 

 

Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը


Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում «ագրեսիվ» և «շտապողական» է որակել Հայաստանին առնչվող ԵՏՄ զեկույցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ասել, որ ապակառուցական է, նման արձագանքը կարելի է անվանել շտապողական, ագրեսիվ Հայաստանի ղեկավարության կողմից։ Հնարավոր է՝ դա փորձ է բոլոր ճիշտ թե սխալ միջոցներով հանրության ուշադրությունը թեքել խնդիրներից՝ պատասխանատվությունը ուրիշի վրա դնելով»,- հայտարարել է Զախարովան։

Նա ասել է, թե Մոսկվայի հասցեին Երևանի նոր մեղադրանքին չեն հետևել կառուցողական առաջարկներ կամ որոշումներ գլխավոր հարցի մասին, որը հուզում է ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև ԵՏՄ այլ երկրներին։ «Ուր է, ի վերջո, ինտեգրվում Հայաստանը։ Պարզ հարց է»,- ասել է Զախարովան։ Ռուսաստանին «մետրոպոլիա» անվանելու հետ կապված նա նշել է, որ ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, ՌԴ-ն իր պատմության ընթացքում բոլոր երկրներին «չի ընկալում որպես ռեսուրսների աղբյուր»։ Մոսկվան, ըստ Զախարովայի, բազմիցս դիտարկել է, որ Երևանից հնչում են «մանիպուլյացիաներ, այդ ամենն ուղեկցվում է հիվանդագին էմոցիաներով», և դա, ըստ նրա, կառուցվում է հայ հասրակության համար զգայուն թեմաների շուրջ։

«Մենք հասկանում ենք, որ դա հասցեգրված է Ռուսաստանին, որը մենք հաճախ են լսում Երևանից, իբր, ձգտում է Հայաստանին գուբերնիա դարձել։ Դա արվում է, կարծում եմ, պաշտոնական  Բրյուսելին դուր գալու համար»,- ասել է Զախարովան։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխող շրջանակներն իրենց հետ զրույցներում ընդունում են ԵՄ-ին անդամակցության փորձերի անհեռանկարությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ զեկույցի մասին խոսելիս հայտարարել էր երկրում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձի նախապատրաստման մասին։ «Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձում են և փորձելու են օգտագործել Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,- հայտարարել էր նա։

 

Աղբյուրը՝ factor.am https://factor.am/1075329.html

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայներով վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դեմ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները։

Համաձայնագիրը խորհրդարանին ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Հոկտեմբերի 27-ի քննարկման ընթացքում նա ընդգծել էր, որ Հայաստանի տարածքում նախատեսվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նախարարի ներկայացմամբ՝ նախագիծը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում՝ Հայաստանին հնարավորություն տալով Ադրբեջանի տարածքով կապվել երրորդ երկրների հետ և ապահովել նաև ներպետական երկաթուղային հաղորդակցություն։ Ադրբեջանն իր հերթին Հայաստանի տարածքով կապ կստանա Նախիջևանի հետ։

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որի բաժնեմասերի 26 տոկոսը պատկանելու է Հայաստանին, 74 տոկոսը՝ ամերիկյան կողմին։ Սկզբնական ժամկետը 49 տարի է։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի, ամերիկյան կողմինը կլինի 51 տոկոս։

Միրզոյանը հոկտեմբերի 27-ին հայտնել էր նաև, որ դեռ պետք է համաձայնեցվեն և ընդունվեն ընկերության կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ ամերիկյան համահիմնադիր ընկերությունը մշտապես գտնվելու է ԱՄՆ կառավարության սեփականության և կառավարման ներքո։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում, և հունիսի 4-ին՝ Երևանում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու Արարատ Միրզոյանի կողմից։

Աղբյուրը՝ Արմենպրես,https://armenpress.am/hy/article/1264087



Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից

Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն բոլոր որոշումներն անհրաժեշտ է համաձայնեցնել նրա հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ներկայում ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է կազմակերպությանն իր մասնակցությունը սառեցնելու մասին և դադարեցրել է անդամավճարների վճարումը։

«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Իսկ եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, որոնք կազմակերպությունում ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։

Սակայն այսօր այդ դիրքորոշումը, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող քաղաքականությանը»,- ասել է Բորդյուժան։ 

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա կազմակերպությունը պետք է հեռացնի նրան իր կազմից։ «Ես նրանց կհեռացնեի։

Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ, ապա պետք է պարզապես վերցնեն ու դուրս գան կազմակերպությունից։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չեն ուզում դուրս գալ, չեն ուզում աշխատել, չեն մասնակցում և չեն ցանկանում, ապա նրանց պետք է հեռացնել»,- կարծում է Բորդյուժան։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։

Աղբյուրը՝ Factor.am https://factor.am/1074951.html 

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։

Վարչապետը ողջունել է Նոր Մեծության այցը և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։

Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու մեր երկրով։ Նորին Մեծությունը նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։

«Ճիշտ կլինի, եթե մեր ԱԳՆ-ն դիտարկի Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը»․ Ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարով

«Իվանների» մասին խոսքի համար սենատոր Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել արգելել Շիրակի մարզպետ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության խորհրդի (դաշնային խորհրդի) կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը։

«Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իրեն թույլ է տվել արհամարհական արտահայտվել ռուսների մասին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Կարծում եմ՝ նման խոսքերի համար պետք է իրական պատասխանատվություն կրել։ Ճիշտ կլինի, եթե մեր ԱԳՆ-ն դիտարկի Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը», — գրել է Ջաբարովը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Սենատորը կարծում է, թե Առուշանյանին արժե հիշեցնել պատմական փաստերի մասին։

«Հենց այդ «Իվաններն» են ժամանակին փրկել Հայաստանը ցեղասպանությունից, իսկ այնուհետև նաև ամբողջ աշխարհը՝ ֆաշիստական «շագանակագույն ժանտախտից»։ Եվ այսօր Գյումրիում կանգնած են մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան՝ պաշտպանելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ», — ընդգծել է քաղաքական գործիչը։ 

Ջաբարովի կարծիքով՝ երբ պաշտոնատար անձն իրեն թույլ է տալիս նման արհամարհական արտահայտություններ, դա պարզապես ազգամիջյան թշնամանք բորբոքելու փորձ չէ։

«Մեր դեսպանատունը ճիշտ արձագանքեց՝ զուգահեռներ անցկացնելով Հայրենական մեծ պատերազմի տարիների նացիստական բառապաշարի հետ։ Ցավոք, այս պաշտոնյան աշխատում է արևմտյան հասարակական կազմակերպությունների ստանդարտ մեթոդաբանությամբ, որի կիրառումն արդեն տեսել ենք Ուկրաինայում, Մոլդովայում և Մերձբալթյան երկրներում՝ ռուսատյաց կարգախոսներ առաջ մղելիս», — եզրափակել է սենատորը։

«Երևանում Ռուսաստանի դեսպանատունն ավելի վաղ վրդովմունք էր հայտնել «Իվանների» մասին Առուշանյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, թե այն հիշեցնում է գերմանացի նացիստների բառապաշարը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Դավիթ Առուշանյանը Facebook սոցիալական ցանցում քննադատել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած Գյումրու օրվա տոնակատարությունը՝ մասնավորապես գրելով, թե «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։ Հայաստանի իշխանությունները կարծում են, թե Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությունը ռուսամետ ուժ է և երկրում առաջ է մղում ՌԴ շահերը», – նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղբյուրը՝ Առավոտ, https://www.aravot.am/2026/10/28/1589765/


Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ադրբեջանի դեսպան Էլչին Հուսեյնլին և Վրաստանի դեսպան Թամարա Լիլուաշվիլին մասնակցել են Festival della Diplomazia-ի կողմից կազմակերպված «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը։

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, քննարկման առանցքում էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցային ուղիների զարգացումը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ընդլայնումը և Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը Եվրոպայի հետ կապող հաղորդակցային ուղիների զարգացման հեռանկարները։

Իր ելույթում դեսպան Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։

Դեսպանը նաև նշել է, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը։

Դեսպան Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին։

Աղբյուրը՝  Արմենպրես, https://armenpress.am/hy/article/1264213

ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը զուգահեռներ են անցկացրել Շիրակի մարզպետի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը զուգահեռներ են անցկացրել Շիրակի մարզպետի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի շրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև զուգահեռ են անցկացրել։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ տարակուսանքով են ընկալել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում արված գրառման մեջ ինչ-որ «իվանների» հիշատակումը, որը «ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի շրջանի գերմանացի նացիստների բառապաշարը»։

«Տարակուսանքով ընդունեցինք 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում Շիրակի մարզպետ Դ․Վ․Առուշանյանի կատարած գրառման մեջ ինչ-որ «իվանների» մասին հիշատակումը, որն ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Չէինք ցանկանա մտածել, որ տարածաշրջանը ղեկավարող պաշտոնատար անձը, որտեղ ծառայություն են իրականացնում 102-րդ ռուսական ռազմակայանը և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային հայտարարություններ, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային ատելություն հրահրել, ինչը լիովին կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության սոցիալական էջերում։

Նշենք, որ Շիրակի մարզպետը Facebook-ի իր էջում զայրացած գրառում էր արել՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Գյումրու օրվա կապակցությամբ տոնական միջոցառումների կազմակերպման հետ։ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ արտահայտություն «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ կա մի փոքր անհարմարություն. Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»,- գրել էր Առուշանյանը։ Որպես հետգրություն՝ նա ավելացրել էր. «Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք, մեր հյուրերը մեզ համար ամեն ինչից վեր են։ Բայց մի փորձեք մեր գլխից վեր ցատկել. բարձրությունից ընկնելը ցավոտ է։ Շրջիկ արտիստներ, զգույշ եղեք»։

Ավելացնենք, որ 2025 թվականից Հայաստանի վարչապետը, սուր արտահայտություններ ուղղելով հայկական ծագմամբ ռուս գործարար Սամվել Կարապետյանի հասցեին, որը կարիերայի սկզբում ձեռնարկատիրական գործունեություն էր ծավալում Կալուգայում, պարբերաբար օգտագործում էր «Սա ձեզ համար Նիժնի Տապրը չէ, Սամվել Կալուժսկի» արտահայտությունը։

Աղբյուրը՝ ԱրմԻնֆո, https://arminfo.info/full_news.php?id=105245&lang=1

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ֆեյսբուքյան էջ, https://www.facebook.com/photo?fbid=1595486162605302&set=a.253035466850385

Թուրքիայի Նախագահի գլխավոր խորհրդական Սարալը հրաժարական է տվել. «Սա չի նշանակում հետքայլ իմ դավանած արժեքներից»

Նախագահի գլխավոր խորհրդական Սարալը հրաժարական է տվել. «Սա չի նշանակում հետքայլ իմ դավանած արժեքներից»

Նախագահի գլխավոր խորհրդական Օկտայ Սարալը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից:

Շաբաթավերջին լուրեր էին տարածվել Սարալի պաշտոնանկության մասին, սակայն պաշտոնական հայտարարություն չէր արվել:

Սարալն սոցիալական մեդիայի իր էջում կատարած հրապարակման մեջ գրել է. «Ներկայացրել եմ իմ հրաժարականը մեր հարգարժան Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնից, որը մեծ պատվով, փառքով և պատասխանատվությամբ վարում էի 2016 թվականից ի վեր»:

Վերջին օրերին տեղական մամուլում լուրեր էին շրջանառվում Սարալի պաշտոնից հեռանալու մասին։ Նախկին գլխավոր խորհրդական ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես Ադրբեջանում գլխաշորի (հիջաբի) կիրառման վերաբերյալ իր քննադատություններով:

Հոկտեմբերի 12-ին X-ի իր էջում կատարած գրառման մեջ Սարալն ասել էր. «Ադրբեջանում գլխաշորով ուսանողների կրթության իրավունքի խոչընդոտումն անընդունելի է: Այս դարաշրջանում նման մոտեցմանը երբեք չպետք է ճանապարհ տրվի»:

Հոկտեմբերի 26-ի իր հայտարարության մեջ Սարալը նշել է, որ իր հրաժարականը չի նշանակում հետքայլ իր դավանած արժեքներից կամ ժողովրդին ծառայելու կամքից, և հավելել. «Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու վաղը նույն հավատով ու վճռականությամբ շարունակելու եմ քայլել մեր հարգարժան Նախագահի կողքին»:

Սարալի հրաժարականի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ հրապարակվել էր նրա հարցազրույցը «Nefes» թերթին։

Հարցին, թե արդյոք իր պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ, Սարալը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա այդպես է, բայց հաստատ չգիտեմ։ Լուրն ինձ շաբաթ օրը փոխանցեց մեր Գլխավոր քարտուղարը։ Ես էլ այն ընդունեցի մեծ հասունությամբ»։

Սարալն իր հարցազրույցում օգտագործել է նաև հետևյալ արտահայտությունը. «Մեր Նախագահն այսպես է հարմար տեսել։ Մեր գլխի ու աչքի վրա տեղ ունի»։

Ընդգծելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորությունը՝ Սարալն ասել է. «Երկրները կարող են ունենալ որոշակի խնդիրներ և դժվարություններ։ Հատկապես Ադրբեջանի հետ մեր կրիտիկական հարաբերությունների պատճառով որոշ որոշումների կայացումը բնական է։ Մեզ համար կարևորն այն է, որ մեր երկիրը շարունակի իր ուղին»։

Լրագրող Թալաթ Աթիլլան X-ի իր հաշվում կատարած գրառման մեջ հայտնել էր, որ խոսել է Սարալի հետ և հարցրել նրան՝ արդյոք իրեն պաշտոնից հեռացրել են։

Աթիլլայի հրապարակման համաձայն՝ Սարալն ասել է. «Այո։ Մենք պաշտոններով չենք պայմանավորված։ Հարգարժան Նախագահն էր նշանակել, նրա հրահանգով էլ հեռացա։ Ոչ մեկից նեղացած չեմ»։

«Ադրբեջանի վերաբերյալ Ձեր հայտարարությունների պատճառո՞վ» հարցին Սարալը, ըստ գրառման, պատասխանել է. «Այո, այդպես է թվում»։

Ըստ հրապարակման՝ Սարալը նաև նշել է. «Կարևորը Թուրքիայի Հանրապետությունն է։ Կարևորը մեր հարգարժան Նախագահի հաջողությունն է»։

Ի՞նչ էր տեղի ունեցել

Դպրոցներում Ադրբեջանի կողմից ներդրված հագուստի նոր կանոնները վերածվեցին մի բանավեճի, որը տարածվեց նաև Թուրքիայում:

Կարգավորումներում ընդգծվում էր կրթության աշխարհիկ բնույթը և պահանջվում էր հետևել դպրոցական համազգեստին:

Իրավական տեքստում «գլխաշոր» կամ «հիջաբ» բառերն ուղղակիորեն չեն հիշատակվում։

Չնայած դրան, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ որոշ դպրոցներում կանոնները կիրառվել են որպես սահմանափակում գլխաշորով ուսանողների և ուսուցիչների նկատմամբ:

Դրանից հետո որոշ աշակերտներ, ում չէին թողել դպրոց, փորձել էին շարունակել իրենց դասերը՝ նստելով դպրոցի բակերում և աստիճաններին։ Որոշ ուսուցիչներ հանել էին իրենց գլխաշորերը, իսկ ոմանք էլ դիմում ներկայացնելով հայտարարել էին, որ հեռանում են աշխատանքից «սեփական ցանկությամբ»։

Լուրերը Թուրքիայում մեկնաբանվեցին այնպես, թե Ադրբեջանի դպրոցներում «գլխաշորի արգելք» է կիրառվում։

Ադրբեջանի կառավարությունը հոկտեմբերի 21-ին Թուրքիայի 31 քաղաքացու հայտարարեց «անցանկալի անձ» (persona non grata) և արգելեց նրանց մուտքը երկիր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները զրույցը գնահատեցին որպես երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ վստահության հաստատում։

Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ Էրդողանը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «եղբայրական հարաբերություններից ստացած ուժով էլ ավելի առաջ կտանեն իրենց համագործակցությունը»։

«Անցանկալի անձ» հայտարարվածների թվում գտնվող «Yeniden Refah» («Նորից բարգավաճում») կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբականը Սարալի հրաժարականի վերաբերյալ սոցիալական մեդիայի իր էջում կատարել է հետևյալ հրապարակումը. «Մեր հարգարժան Նախագահը չի վարանում զոհաբերել իր սեփական գլխավոր խորհրդականին, միայն թե Ալիևն այդպես է ուզել»։

Նշվել է նաև, որ Էրդողանը Ալիևին հրավիրել է հոկտեմբերի 29-30-ին Անկարայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Աղբյուրը՝ BBC Türkçe, https://www.bbc.com/turkce/articles/c9zrd444vl5jo

Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»

Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»

«Կան որոշ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Բաքվի՝ մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության հարթակի» շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» խորագրով հատուկ նիստի ժամանակ։

«Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել։ Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նոր նախաձեռնություններով հանդես գալ։

Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Նա նաև ասել է, թե «խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև այդպես էլ մնալ միայն թղթի վրա»։ Ըստ Հաջիևի՝ այդ համաձայնագիրը պետք է նաև իր ներդրումն ունենա երկու երկրների կյանքում, պետք է մարդկանց օգուտ բերի։

«Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը և երկարամյա պատերազմից հետո խաղաղության հաստատումը հեշտ գործընթացներ չեն եղել։ Նախագահ Իլհամ Ալիևը բարի կամք է դրսևորել։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանին ներկայացրել է ադրբեջանական կողմը, իսկ դրա սկզբնական սկզբունքները մշակվել են Ադրբեջանում։ Վաշինգտոնյան գագաթնաժողովում խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է։ Դրանից հետո Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության»,- հայտարարել է նա։

Ըստ Հաջիևի՝ «առաջնահերթ խնդիր է՝ վերականգնել վստահությունը և հասնել ժողովուրդների հաշտեցմանը»։ Նա ասել է, որ սա հետհակամարտային ցանկացած ժամանակաշրջանի ամենակարևոր և ամենաբարդ մասն է։

«Օրինակ՝ մենք ուսումնասիրում ենք նաև հետհակամարտային այլ ժամանակաշրջաններ։ Դիտարկենք իրավիճակը Բալկաններում։ Անցյալ դարի 90-ականների սկզբին բոլոր հակամարտությունները կարգավորվեցին, սակայն տարածաշրջանի երկրների միջև մինչ օրս անվստահություն է պահպանվում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում մենք նույնպես պետք է առավելագույնս անկեղծ լինենք։ Մեր պատմության մեջ կան հայ ժողովրդի հետ ընդհանուր հիշողության որոշ մութ էջեր։

Մենք չենք ջնջում այդ անցյալը, բայց խաղաղության տեսանկյունից նայում ենք ապագային»,- հայտարարել է Հաջիևը։

Աղբյուրը՝ factor.am https://factor.am/1074245.html 

Էրդողանը հեռացրել է խորհրդականին՝ գլխաշորի շուրջ վեճի պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի ֆոնին՝ բավարարելով Բաքվի պահանջը և ձգտելով ապահովել նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը թյուրքական պետությունների գագաթնաժողովին։
 
Էրդողանը հեռացրել է խորհրդականին՝ գլխաշորի շուրջ վեճի պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի ֆոնին
 
Խորհրդականի հեռացումը բավարարում է Բաքվի պահանջը, քանի որ Թուրքիան ձգտում է ապահովել նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը թյուրքական պետությունների գագաթնաժողովին։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը պաշտոնից ազատել է իր գլխավոր խորհրդականին՝ հիջաբի արգելքի շուրջ ծագած վեճի ֆոնին Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով. այս մասին հայտնի է դարձել Middle East Eye (MEE) պարբերականին:
Oktay Saral
 
Նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը MEE-ի հետ զրույցում հաստատել է իր պաշտոնանկությունը: 
 
«Ես բացարձակ հարգանքով եմ վերաբերվում նախագահի որոշմանը»,- նշել է նա: 
 
MEE-ի տեղեկություններով՝ Սարալը հեռացվել է ադրբեջանական կողմի պահանջները բավարարելու համար, որոնք նպատակ ունեն վերջ դնել էթնիկ, մշակութային, կրոնական և պատմական կապեր ունեցող երկու երկրների միջև ճգնաժամին: 
 
Անցյալ ամիս Ադրբեջանի կողմից տարրական և միջնակարգ դպրոցներում գլխաշորի արգելքի սահմանումը բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում և քննադատությունների տեղիք տվել Բաքվի հասցեին: 
 
Սարալը նույնպես այդ ժամանակ հաղորդագրություն էր հրապարակել սոցիալական ցանցերում՝ քննադատելով այդ որոշումը և Բաքվին կոչ անելով չեղարկել այն: 
 
Նրա մեկնաբանություններն այս ամսվա սկզբին արժանացել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Յենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության խիստ հակազդեցությանը, որն Անկարային կոչ էր արել խուսափել իսլամական աշխարհում հեգեմոնիկ (գերիշխող) միտումներից: 
 
Անկարան փորձում է համոզել Ալիևին՝ այս շաբաթվա վերջին Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար: 
 
Հինգշաբթի օրը երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ Էրդողանը հրավիրել է Ալիևին գագաթնաժողովին, սակայն որևէ կողմ չէր հստակեցրել՝ արդյոք նա կմասնակցի դրան: 
 
Թուրք պաշտոնյաները մտահոգված էին, որ գլխաշորի արգելքի դեմ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներից վրդովված Ալիևը կարող է բաց թողնել գագաթնաժողովը: 
 
MEE-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ Ադրբեջանը Անկարայից պահանջել է աշխատանքից հեռացնել Սարալին, ինչպես նաև դատական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերի այն մեկնաբաններին, ովքեր վիրավորել են Ալիևին:
 
«Սարալի հեռացումը կխրախուսի Ալիևին մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին»,- MEE-ին հայտնել է ադրբեջանական աղբյուրը: 
 
«Մինչ այս որոշումը՝ հավանականությունը հիսուն տոկոսից էլ ցածր էր»: 
 
Լարվածությունը մեղմելու Թուրքիայի նախորդ փորձերը ձախողվել էին և չէին բարելավել հարաբերությունները, իսկ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի այցը Բաքու ադրբեջանական լրատվամիջոցներում թշնամական հրապարակումների ալիք էր առաջացրել: 
 
Հեղինակ՝ Ռագիպ Սոյլու
 

 

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ  դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։ Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։

Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները` պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։  Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ,  ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու  ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը  Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար։

Աղբյուրը՝ Հայաստանում ԱՄՆ Դեսպանատուն https://am.usembassy.gov/hy/united-states-donates-1-4-million-in-equipment-to-strengthen-armenias-border-security/