Թեև դա Թուրքիայի համար կարելի է որակել ճկուն քաղաքականություն, սակայն մյուս կողմից էլ դա կարող է հանգեցնել նրան, որ վերջինս կդառնա անհուսալի և անկանխատեսելի գործընկեր երկու կողմի համար էլ, որի նախանշաններն արդեն տեսանելի են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուսանկար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

♦ ԱՄՆ նոր վարչակարգից Թուրքիայի ակնկալիքները չեն արդարանում։

♦ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի համար կարող է նվազել Թուրքիայի կարևորությունը։

♦ Թուրքիան մի շարք հարցերում Ռուսաստանը դիտարկում է որպես ԱՄՆ-ի այլընտրանք և ընդհակառակը։

♦ Ռուսաստանը փորձում է Թուրքիան կտրել Արևմուտքից, դուրս բերել ՆԱՏՕ-ից։

 

ՆԱԽԱԲԱՆ

2016թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը, ում երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2017թ. հունվարի 20-ին: Թուրքական մամուլը Թուրքիայի համար նախապես նախապատվելի որակեց Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ որպես «չարյաց փոքրագույն»՝ գտնելով, որ նա ավելի քիչ կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը։

Նշենք, որ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ (2008-2016թթ.) և հատկապես դրա վերջնամասում բավականին սրվել էին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները, որի հիմքում ընկած էին բազում գործոններ. 1) Թուրքիայում մարդու իրավունքների, քաղաքացիական ու կրոնական ազատությունների կոպիտ ոտնահարումները, 2) 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) կազմակերպման համար ԱՄՆ-ի հանդեպ Թուրքիայի կասկածները և Թուրքիայից ամերիկյան ատոմային ռումբերի դուրս բերումը, 3) Թուրքիայի արևելքում, այդ թվում նաև քաղաքներում քրդերի դեմ ծանր սպառազինության կիրառմամբ ռազմական գործողություններ իրականացնելը և ԱՄՆ-ի տրամադրած Patriot զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) դուրս բերումը Թուրքիայից, 4) Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման մասին Թուրքիայի շարունակական պահանջները, 5) իրանական ծագում ունեցող գործարար Ռեզա Զարաբի կալանավորումն ԱՄՆ-ում, ով ներքաշված է 2013թ. դեկտեմբերին Թուրքիայում գրանցված «Մեծ կաշառք» գործում (այդ գործով շոշափվել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի անունները), 6) սկզբնական շրջանում ԻՊ-ի դեմ պայքարի հարցում Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին չընդառաջելը և «Ինջիրլիքի» ավիաբազան չտրամադրելը, 7) 2013թ. Սիրիայում քիմիական հարձակումից հետո նրան ավիահարվածներ հասցնելուց և ցամաքային ռազմական ներխուժում ձեռնարկելուց ԱՄՆ-ի հրաժարվելը, 8) Թուրքիայի կողմից մեծ հեռահարության ԶՀՀ-ների մասին մրցույթի հանգուցալուծումը, 9) Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի կողմից մեծապես աջակցելը, 10) Ռուսաստանի ու Չինաստանի հետ Թուրքիայի մերձեցման փորձերը, 11) Հարևան երկրների (Իսրայել, Հունաստան, Կիպրոս) հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը, 12) ԵՄ-ի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների բնույթը:

Բնականաբար, թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրները չէին սահմանափակվում միայն այդքանով, սակայն վերոնշյալն արդեն ցույց է տալիս, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն ապրում են իրենց վատագույն ժամանակաշրջաններից մեկը, եթե ոչ վատագույնը: Ընդգծենք, որ հիմնական խնդիրները եղել և մնում են երկուսը. ա) Գյուլենի արտահանձնման հարցը, ով վերջին տարիներին վերածվել է Թուրքիայի ներսում Էրդողանի թիվ մեկ թշնամու, բ) Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցումը, որոնք արդեն վերահսկում են թուրք-սիրիական 911 կմ-անոց սահմանի 500-550 կմ-ը:

Եվ թուրքական կողմը մեծապես հուսով էր, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել հարաբերությունների «վերաբեռնմանը» (Թուրքիան արդեն գործ ունեցել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ): ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հետ Թուրքիայի բազում խնդիրները պարարտ հող էին պատրաստում Ռուսաստանի հետ մերձեցման համար։ Վերջին շրջանում ռուսական քաղաքագիտական շրջանակներում, մամուլում, ակտիվորեն շրջանառվում է այն տեսակետը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Թուրքիան կտրել Արևմուտքից, դուրս բերել ՆԱՏՕ-ից[1]։ Նշենք, որ Պուտինի կողմից ՆԱՏՕ-ի անդամներից Թուրքիան ընտրելու հիմքում ընկած են մի շարք գործոններ.

Image result for Putin Erdogan and Trump

1) Ներկայումս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա 21-րդ դարի համար՝ կապված նաև Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին ու ԵՄ-ի հետ շանտաժի, վերջնագրի, սպառնալիքների լեզվով խոսելու, նրանց ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրելու հետ։ Անկասկած է, որ Էրդողանի նախագահության ժամանակ Թուրքիան ոչ միայն որևէ հնարավորություն չունի անդամակցելու ԵՄ-ին, այլև վերջինս կարող է կասեցնել անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, որոնք մեկնարկել են դեռևս 2005թ.։ Թուրքիայում մահապատժի վերականգնումը ոչ միայն խաչ կքաշի այդ ամենի վրա, այլև կհանգեցնի ԵԽ-ում Թուրքիայի անդամակցության կասեցմանը (ԵԽ-ի անդամ որևէ երկրում չի գործում մահապատիժ, Բելառուսին ԵԽ չեն ընդունում հենց մահապատիժ ունենալու համար)։ Բացի այդ ԵԽԽՎ-ն արդեն վերականգնել է Թուրքիայում իրավիճակի նկատմամբ մոնիթորինգ անցկացնելը, որը դադարեցվել էր 2004թ.[2]։

2) Վերջին տարիներին Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամը՝ բազում խնդիրներ ստեղծելով ինչպես բուն ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա անդամ երկրների համար։ Թուրքիան փորձել է ՆԱՏՕ-ն ներքաշել Սիրիական հակամարտության (2012-2013թթ. սահմանային սադրանքներ) և Ռուսաստանի դեմ դիմակայության մեջ (2015թ. նոյեմբերի 24-ի ինքնաթիռային միջադեպ) և այդպիսով կառույցը ծառայեցնել իր շահերին։ Թուրքիան այդ նպատակով շարունակ շահարկել է ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը (հավաքական պաշտպանություն)։ Դա կարող է հանգեցնել նրան, որ ուղղումներ արվեն տվյալ հոդվածում՝ հետագայում նման շահարկումներից խուսափելու համար։ Ի դեպ, 2016թ. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սպառնաց, որ Թուրքիան կվտարվի ՆԱՏՕ-ի կազմից, եթե շարունակի մարդու իրավունքների զանգվածային խախտումները[3] (ներկա դրությամբ Վրաստանն այդ պլանում, թերևս, ավելի շատ է համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, քան հենց Թուրքիան)։

3) Թուրքիան մի շարք հարցերում ինքնուրույնություն է ցուցաբերել, ինչը դրվատանքի է արժանացել Պուտինի կողմից։ Դա հատկապես վերաբերվում է «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը և Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալուն։ Վերջինս երկու դեպքում էլ հայտարարեց, որ ԵՄ-ի անդամ չէ և պարտավոր չէ հետևել նրա որոշումներին։ Թուրքիան այդպիսով ձգտում էր հասնել նրան, որ ԵՄ-ը զղջա Թուրքիային իր շարքերը չընդգրկելու համար։ Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 15-16-ին Անթալիայում G20-ի գագաթաժողովից անմիջապես առաջ (թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24M ռմբակոծիչը ոչնչացնելուց մոտ 10 օր առաջ) Պուտինը գովաբանեց Թուրքիային. «ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանած պատժամիջոցների խորապատկերին Թուրքիան որդեգրեց ինքնուրույն դիրքորոշում։ Անկարայի վարած անկախ, ազգային շահերին համապատասխանող արտաքին քաղաքականությունն արժանի է խորը հարգանքի։ Նման պրագմատիկ մոտեցումը նոր հորիզոններ է բացում ռուս-թուրքական համագործակցության զարգացման համար»[4]։

4) Թուրքիան շատ հարցերում խորապես զգում է Ռուսաստանի կարիքը՝ որպես «ԱՄՆ-ի այլընտրանք»։ Թուրքիան ամենատարբեր հարցերում, որոնցում դժգոհ է ԱՄՆ-ից, նրան ցույց է տալիս, թե «ունի այլընտրանք»՝ ի դեմս Ռուսաստանի (այս մասին հանգամանալից կխոսվի ստորև)։

Image result for Erdogan and Caucasus

5) Ռուսաստանն ու Թուրքիան (նաև Իրանը) ունեն մի շարք կարևոր ընդհանրություններ. ա) Ռուսաստանում ու Թուրքիայում ավտորիտար (նմանատիպ) ռեժիմների առկայություն, բ) մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ Արևմուտքի դատապարտող հայտարարություններից Ռուսաստանի ու Թուրքիայի մեծ դժգոհություններ ու նեղացած կեցվածք, գ) Արևմուտքից Ռուսաստանի ու Թուրքիայի որոշակի մեկուսացվածություն. Ռուսաստանն արդեն իսկ Արևմուտքի պատժամիջոցների տակ է, իսկ Թուրքիան այդ ճանապարհին է, դ) երկու երկրների կայսերական անցյալը. թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան ներկայումս նկրտումներ ունեն եթե ոչ նախկին կայսրությունները վերականգնելու, ապա գոնե դրանց տարածքներն իրենց ազդեցության տակ պահելու, ե) Ռուսաստանի ու Թուրքիայի ամենակարևոր ընդհանրությունը նրանց այն դիրքորոշումն է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանային երկրների և ոչ թե արտատարածաշրջանային ուժերի (ԱՄՆ) կողմից։

Դրա համար էլ զարմանալի չէ, որ 2016թ. Ռուսաստանը հեշտորեն գնաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած, որ Թուրքիան ներողություն չխնդրեց, փոխհատուցում չվճարեց SU-24M-ը ոչնչացնելու համար, չպատժեց դրա մեղավորներին (Ռուսաստանի ներկայացրած 3 նախապայմանները հարաբերությունների կարգավորման համար)։ Ռուսաստանը բավարարվեց Էրդողանի մասնակի (ռուս օդաչուի զոհվելու համար) կամ անհասցե ներողությամբ[5]։

Մեր նախկին հոդվածներից մեկում արդեն նշել ենք, որ թեև SU-24M-ի միջադեպից հետո Ռուսաստանի սահմանած տնտեսական ու վիզային պատժամիջոցները զգալի հարված հասցրեցին Թուրքիային, սակայն վճռորոշ դեր չխաղացին՝ Թուրքիային ստիպելու համար գնալ հարաբերությունների կարգավորմանը։ Վճռորոշ այդ դերը խաղացին Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, որոնք հատեցին Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»՝ գետանցեցին Եփրատը և սկսեցին ԻՊ-ից ազատագրել Ջերաբլուս-Ազեզ գոտին։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկը հնարավոր դարձրեց Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողություն սկսելը (այդպիսով թուրքական ավիացիան SU-24M-ի միջադեպից 10 ամիս անց վերադարձավ Սիրիա)։ Փաստորեն, 2016թ. Սիրիայի քրդերը Թուրքիային հարկադրեցին զիջումների գնալ Ռուսաստանին, իսկ 2015թ. էլ Թուրքիային հարկադրել էին ավելի խոշոր զիջումների գնալ ԱՄՆ-ին, որպեսզի նա հրաժարվի Սիրիայի քրդերին աջակցելուց. 2015թ. հուլիսի վերջին Թուրքիան «Ինջիրլիքի» ավիաբազան դրեց ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի տրամադրության տակ, օգոստոսի վերջին միացավ Սիրիայում այդ դաշինքի գործողություններին, նոյեմբերի կեսին չեղարկեց մեծ հեռահարության ԶՀՀ-ների մրցույթի արդյունքները։ Փաստորեն Սիրիայի քրդերը վերածվել են Թուրքիայի վրա ներազդելու լուրջ լծակի։

Image result for euphrates shield map

2016թ. ՌՀՓ-ն իր կնիքը թողեց Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա։ Էրդողանը քանիցս հայտարարեց, որ ՌՀՓ-ն իրենց օգնել է պարզելու, թե ովքեր են Թուրքիայի իսկական ընկերները նեղ պահին՝ կարևորելով այն հանգամանքը, որ օտար երկրները Թուրքիայի իշխանություններին իրենց աջակցության մասին հայտնել են հենց ՌՀՓ-ի ժամանակ և ոչ թե սպասել են ՌՀՓ-ի վախճանին և հետո միայն աջակցություն հայտնել։ Հայտնի է, որ ՌՀՓ-ից հետո Թուրքիայի իշխանությունները բազմիցս դժգոհել են Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ) դիրքորոշումից։ Մինչդեռ ՌՀՓ-ի ժամանակ Թուրքիայի իշխանություններին իրենց աջակցության մասին հայտնել են Ռուսաստանի ու Իրանի նախագահները, ինչն էլ հնարավոր դարձրեց Ռուսաստանի ու Իրանի հետ Թուրքիայի որոշակի մերձեցումը (եռյակ ձևաչափ)։ Այդպիսով, ՌՀՓ-ը որոշակի ջրբաժան հանդիսացավ օտար երկրների հետ Թուրքիայի արտաքին հարաբերությունների համար և ակներև դարձրեց, որ ներկայիս Թուրքիան արտաքին քաղաքական շատ հարցերում չունի մշակած խորը ռազմավարություն և առաջնորդվում է պարզապես կոնկրետ իրավիճակից կամ դրվագից ելնելով («իրավիճակային քաղաքականություն»)։

Եվ թեև 2016թ. ռուս-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորում տեղի չունեցավ (Ռուսաստանը չվերացրեց Թուրքիայի հանդեպ իր բոլոր պատժամիջոցները), այնուամենայնիվ, այդ հարաբերությունները որոշ վայրիվերումներով (Սիրիայի հարցում խնդիրներ) առաջընթաց ապրեցին։ Ամփոփելով, կարելի է ասել, որ 2017թ. սկզբին ռուս-թուրքական հարաբերություններում կային ավելի քիչ և պակաս էական խնդիրներ՝ համեմատած թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիրների հետ։

 

ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  2017Թ.

Թուրքիայի ակնկալիքները Դոնալդ Թրամփից -  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից թուրքական կողմի սպասելիքներն արտացոլվեցին նրա երդմնակալությունից առաջ և հետո Թուրքիայի իշխանությունների (Էրդողան, վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլու, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշ) արած հայտարարություններում: Դրանցում թուրքական կողմը հույս էր հայտնում, որ Թրամփը չի կրկնի Թուրքիայի հանդեպ նախկին վարչակարգի (Բարաք Օբամայի) «սխալները» և կձեռնարկի հետևյալ 3 քայլերը. ա) ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը և արագացնի Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման իրավական ընթացակարգերը (Քուրթուլմուշի խոսքերով՝ «ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի մի քանի ավազակի գլխավորող ահաբեկչական հոսանքի ղեկավարի ու 80 միլիոնանոց բնակչությամբ Թուրքիայի միջև»[6]), բ) ԱՄՆ-ը պետք է դադարեցնի PYD-ին ու YPG-ին (Սիրիայի քրդեր) զենք մատակարարելը (ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի ու PYD-ի միջև) գ) ԱՄՆ-ը պետք է անի ամեն հնարավորինը, որպեսզի փոխի թուրք հասարակության բացասական դիրքորոշումն ամերիկացիների հանդեպ[7]։

Այսպիսով, այս հայտարարություններն ամբողջովին արտացոլում են Թրամփից Թուրքիայի ակնկալիքների ողջ պատկերը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելուց նրա չհրաժարվելը։ Ընդգծենք, որ Գյուլենի արտահանձնման հարցը չափազանց մեծ կարևորություն ունի անձամբ Էրդողանի համար, ով ցանկանում է ամեն գնով ձերբազատվել Գյուլենից՝ վտանգ զգալով նրա կողմից։ Ըստ ամենայնի՝ Թուրքիայում մահապատժի վերականգնումն առաջին հերթին պետք է առնչվի Գյուլենին (ու նրա կողմնակիցներին), միգուցե նաև քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։

Հիշեցնենք, որ 2010թ. ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002թթ.) Հիքմեթ Սամի Թուրքը պարզաբանեց, թե ինչու 1999թ. Օջալանը չենթարկվեց մահապատժի և համապատասխան որոշումը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Նրա խոսքերով՝ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև հրաժարվեցին այդ գաղափարից (1999թ. Թուրքիային շնորհվել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ)[8]: Մինչդեռ ներկայումս ԵՄ-ից Թուրքիայի հեռանալը հազիվ թե կարողանա զսպիչ դեր խաղալ այդ հարցում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանությունների համար Սիրիայի քրդերի դերին, ապա նրանց ռազմական հաջողությունները (սահմանին «քրդական միջանցքի» ստեղծումը) դիտարկվում են որպես Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք: Կա մտավախություն, որ հեռանկարում կարող է ստեղծվել «միասնական Քուրդիստան» (թուրքական, սիրիական ու իրաքյան Քուրդիստանների ընդգրկմամբ)։ Այս ամենը վկայում է, թե Գյուլենի ու Սիրիայի քրդերի հարցերը որքան զգայուն են Թուրքիայի համար և որքան մեծ լարվածություն են առաջացնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Image result for Great Kurdistan

Թուրքիային գոհացնող Թրամփի քայլերը - Մի շարք հարցերում Դոնալդ Թրամփի դիրքորոշումը կարող է օգտակար լինել Թուրքիայի համար։ Դրանցից առաջինն առնչվում է Իրանի հանդեպ նրա դիրքորոշմանը։ Եթե Թրամփը շարունակի տարածաշրջանում ու իսլամական աշխարհում Թուրքիայի հիմնական մրցակից Իրանին զսպելու իր քաղաքականությունը, ապա դա միայն կողջունվի Թուրքիայի կողմից, կազատի Թուրքիայի կաշկանդված ձեռքերը, կմեծացնի նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Մյուս հարցն առնչվում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև Ազատ առևտրի համաձայնագրի (TTIP) ստորագրման հարցում Թրամփի բացասական դիրքորոշմանը։ Հայտնի է, որ նախկինում Թուրքիան քանիցս իր մտահոգությունն է հայտնել TTIP-ի հնարավոր ստորագրման կապակցությամբ, քանի որ TTIP-ի դեպքում ամերիկյան ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք կգործեն Թուրքիա, որը դրանից տարեկան կկորցնի $2.5-3 մլրդ։ Դրա համար էլ (1995թ.-ից) ԵՄ Մաքսային միության (ՄՄ) անդամ Թուրքիան պահանջում էր, որ TTIP-ի դեպքում զրոյական մաքսատուրքով ԱՄՆ ապրանքներ արտահանելն առնչվի նաև իրեն՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կսառեցնի ԵՄ ՄՄ-ին իր անդամակցությունը (Թուրքիան միակ երկիրն է, որը ԵՄ-ի անդամ չէ, սակայն նրա ՄՄ անդամ է)։

Թուրքիան ողջունեց նաև 2017թ. ապրիլին Սիրիայում (Իդլիբ) քիմիական զենքի կիրառումից հետո սիրիական կառավարական զորքերի բազային ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարված հասցնելը և անգամ պատրաստակամություն հայտնեց միանալ ԱՄՆ-ին, եթե նա ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկի Սիրիայում։ Թուրքիայի այս քայլը Ռուսաստանում շատերը որակեցին «թիկունքից հասցված հարված», ինչպես և SU-24M-ի ոչնչացման դեպքում էր։ Դա իսկապես այդպես է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Աստանայում Սիրիայի մասին բանակցությունների նախաձեռնողներից ու Սիրիայում հրադադարի հաստատման երաշխավորներից է (Ռուսաստանի ու Իրանի հետ)։ Ի դեպ, տարածաշրջանային այդ երկրները ձգտում են Աստանայի ձևաչափը ծառայեցնել որպես այլընտրանք Արևմուտքի Ժնևյան ձևաչափին և ցանկանում են իրենց ուժերով հանգել սիրիական ճգնաժամի կարգավորմանը։ Ինչպես տեսնում ենք, Թուրքիային գոհացնող Թրամփի քայլերն այնքան էլ շատ չեն և չեն առնչվում Թուրքիայի համար ամենազգայուն երկու թեմաներին։

Թուրքիայի դժգոհությունը հարուցող Թրամփի քայլերը - Թրամփի քայլերն ավելի շատ հարուցում են Թուրքիայի դժգոհությունը՝ չարդարացնելով նրա մատնանշած 3 կետերը։ Ուշագրավ է` 2017թ. սկզբին գերմանական Bild թերթին տված Թրամփի հարցազրույցը, որում նա ՆԱՏՕ-ն անվանեց հնացած կառույց։ Թրամփի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն բավական ուշադրություն չի հատկացնում ահաբեկչությանը, որը նրա թերությունն է[9]։ Բնականաբար, Թրամփի այս հայտարարությունը չի կարող չմտահոգել Թուրքիային, որի համար ՆԱՏՕ-ն ոչ միայն պաշտպանիչ հովանոց է, այլև Արևմուտքի համար իր կարևորությունն ընդգծելու միջոց։ Հետագայում ՆԱՏՕ-ի դերի նվազումը կհանգեցնի նաև ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերի նվազմանը (Թուրքիային տեղ նախատեսված չէ ԵՄ-ի միասնական բանակի նախագծում)։

Բացի այդ Թրամփը 2016թ. սուր հայտարարություններ հնչեցրեց մահմեդականների հասցեին, իսկ վերջին տարիներին մահմեդականների իրավունքների ինքնահռչակ պաշտպան Էրդողանը 2016թ. ապրիլին մտահոգություն հայտնեց ԱՄՆ նախընտրական կամպանիայի ժամանակ իսլամատյացության դրսևորումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահի թեկնածուները մահմեդականներին օգտագործում են որպես թիրախ[10] (Թուրքիայում շատերը Թրամփին համարում են իսլամատյաց)։

Related image

Ինչ վերաբերում է Գյուլենի արտահանձնման խնդրին, ապա այս հարցը 2017թ. մայիսի սկզբին ԱՄՆ-ում արծարծեցին նախ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ապա Էրդողանը։ Սակայն այս հարցում դեռևս չկա որևէ առաջընթաց թուրքական կողմի համար։ Վերջինս պնդում է, որ անհրաժեշտ է քաղաքական որոշում, մինչդեռ ամերիկյան կողմը խնդրի լուծումը տեղափոխում է իրավական հարթություն։ Հատկանշական է, որ 2016թ. ամռանն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Թուրքիայում Էրդողանին մանրամասն բացատրում էր, որ իրենց երկրում առկա է իշխանության հստակ տարանջատում, որ Գյուլենի արտահանձնման հարցը վճռում է ոչ թե ԱՄՆ նախագահը, այլ ամերիկյան դատարանը[11]։ Սակայն թուրքական իշխանությունների վերջին հայտարարությունները վկայում են, որ Բայդենի խոսքերը չեն հասել իրենց նպատակին։ ԱՄՆ-ում հստակ հասկանում են, որ բացառված է Թուրքիայում Գյուլենի հանդեպ թափանցիկ դատավարություն իրականացնելը՝ էլ չասած այն մասին, թե Գյուլենը որքանով կարող էր կապված լինել ՌՀՓ-ի հետ։ Գյուլենն անձամբ քանիցս դատապարտել է ՌՀՓ-ը` ընդգծելով, որ նրանք, ովքեր մասնակցել են ՌՀՓ-ին, դավաճանել են իր գաղափարները։ Գյուլենի խոսքերով՝ վերջին ժամանակներս Թուրքիան դարձել է անճանաչելի երկիր, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է աջակցեն թուրք ժողովրդին՝ ժողովրդավարությունը վերականգնելու համար, ինչպես որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունից առաջ էր (հաստատվեց բազմակուսակցական համակարգ)։ Գյուլենը գտնում է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է Թուրքիայից պահանջեն հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի ժողովրդավարական նորմերին՝ անդամակցությունը պահպանելու համար[12]։

2017թ. մայիսին Թրամփն Էրդողանի ամերիկյան այցից առաջ ստորագրեց Սիրիայի քրդերին սպառազինություն հատկացնելու մասին հրամանը, որի շնորհիվ նրանք կկարողանան ԻՊ-ից ազատագրել «մայրաքաղաք» Ռաքքան[13]։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները ցանկություն էին հայտնել մասնակցել Ռաքքայի ազատագրման գործողությանը և թույլ չտալ, որ Սիրիայի քրդերը մասնակցություն ունենան դրանում։ Թուրքիան շարունակ փորձում էր ԱՄՆ-ին համոզել, որ միայն Սիրիայի քրդերը չէ, որ ունակ են ցամաքում հաջող պայքար մղել ԻՊ-ի դեմ, որ ինքը նույնպես ունակ է անել դա։ Թրամփի կողմից նման հրաման ստորագրելը մեծապես հարուցեց թուրքական իշխանությունների զայրույթը, որոնք հայտարարեցին, որ չեն ընդունի «ԱՄՆ-ի կողմից PKK-ին աջակցելը» (Թուրքիայում PYD-ը համարում են PKK-ի սիրիական թև)։ Այդ հարցում ոչինչ չփոխեց անգամ դրանից օրեր անց Էրդողանի այցն ԱՄՆ, որն ուղեկցվեց սկանդալային իրադարձություններով (Էրդողանի թիկնապահների ու համակիրների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելով)։ Ուշագրավ է, որ այցի ժամանակ ԱՄՆ-ը Թուրքիային խոստացավ օգնել PKK-ի դեմ պայքարում, որին նա վաղուց ճանաչել է որպես ահաբեկչական կառույց։ Այցից հետո Էրդողանը սպառնաց, որ YPG-ի հարձակման դեպքում Թուրքիան միակողմանի կպատասխանի՝ առանց հաշվի առնելու մյուս երկրների (ԱՄՆ) կարծիքը[14]։ Սա վկայում է այն մասին, որ չեն կատարվում Սիրիայի քրդերի մասով Թուրքիայի՝ Թրամփից ունեցած ակնկալիքները։

Related image

Կարելի է ենթադրել, որ Էրդողանը կփորձի Սիրիայի քրդերին զսպելու հարցում աջակցություն գտնել Ռուսաստանում։ Ամեն դեպքում վերջին շրջանում Սիրիայում Թուրքիայի գործողությունների խորապատկերին սկսել են համընկնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը, որոնք ստանձնել են Սիրիայում Թուրքիայի հավակնությունները զսպելու դերակատարություն։ Մասնավորապես, ամերիկացի ու ռուս զինծառայողները սկսել են հայտնվել Սիրիայի քրդերի վերահսկած տարածքներում՝ Մանբիջի ու Աֆրինի շրջանում՝ թույլ չտալու համար թուրք-քրդական բախումներ։

Պատահական չէր, որ 2017թ. մարտի սկզբին Սիրիայի քրդերը Մանբիջի շրջանում մի շարք տարածքներ հանձնեցին Ասադի ուժերին, որով կասեցվեց թուրքական զորախմբի առաջխաղացումը։ Դրանից օրեր առաջ էլ Սիրիայում գործող ռուսական ավիախումբը Ալ Բաբի շրջանում «սխալմամբ» ավիահարված էր հասցրել թուրք զինծառայողներին (ռուսական կողմի պնդմամբ՝ թուրք զինծառայողներն այդ ժամանակ չպետք է գտնվեին տվյալ վայրում, սակայն Թուրքիայի Գլխավոր շտաբը նշեց, որ նրանք արդեն 10 օր է, ինչ գտնվում էին տեղանքում)։ Ռուսաստանն այդպիսով Թուրքիային հասկացրեց Ալ Բաբից հարավ առաջ ընթանալու անհնարինության մասին, և Թուրքիայի իշխանությունները հարկադրված եղան հայտարարել «Եփրատի վահան» գործողության մասին։ Այս հանգամանքը վկայում է, որ Ալ Բաբի գրավման տևական (մոտ 5 ամիս) գործողության պատճառը հիմնականում եղել է ոչ թե թուրքական բանակի թույլ լինելը կամ ԻՊ-ի կատաղի դիմադրությունը, այլ այն, որ Թուրքիան չի իմացել, թե ինչ է անելու Ալ Բաբի գրավումից հետո, որն է լինելու իր հաջորդ քայլը՝ դեպի Ռաքքա, Մանբիջ կամ Աֆրին շարժվելը[15]։ Ի դեպ, Սիրիայում ու Իրաքում ասպարեզից ԻՊ-ից հեռացնելու, այդ երկրներում կայունություն հաստատելու դեպքում, ինչպես նաև «Ինջիրլիքից» ամերիկյան ավիաբազայի դուրս բերման դեպքում (Հունաստանն առաջարկում է այն տեղափոխել Կրետե կղզի[16]) Թուրքիայի դերը զգալիորեն կնվազի ԱՄՆ-ի (ՆԱՏՕ-ի) համար։

Ռուսաստանի «վակուում լցնելու» քաղաքականությունը - Ի տարբերություն թուրք-ամերիկյան հարաբերությունների՝ ռուս-թուրքական հարաբերություններում, կարելի է ասել, որ թուրքական կողմի համար ներկայումս չկան շատ զգայուն թեմաներ։ Մայիսի սկզբին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով Ռուսաստանը գրեթե ամբողջովին վերացրեց Թուրքիայի հանդեպ սահմանած տնտեսական պատժամիջոցները (բացառությամբ թուրքական լոլիկի ներկրման արգելքի), սակայն պահպանեց Թուրքիայի հանդեպ վիզային ռեժիմը։ Թուրքիան իր հերթին վերացրեց ռուսական ցորենի ներկրման վրա դրած սահմանափակումները։ Կողմերը մտադիր են շուտով անցում կատարել ազգային արժույթներով հաշիվներ վարելուն, ինչը հարված է ամերիկյան դոլարին[17]։

Ճիշտ է՝ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում տապալման ուղղությամբ Թուրքիան զգալի ջանքեր է գործադրել և շարունակում է գործադրել, սակայն մյուս կողմից Թուրքիայի համար ի վերջո կարող է ընդունելի լինել Սիրիայում իշխանության ղեկին Բաշար Ասադի մնալը։ Դա պայմանավորված է նրանով, որ Բաշար Ասադը դեմ է Սիրիայի քրդերին ինքնավարություն տալուն, և այդ հարցում փաստորեն համընկնում են Ասադի ու Էրդողանի շահերը։

Ընդգծենք, որ Ռուսաստանի իշխանություններն ուշիուշով հետևում են թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքին և դրանցում ժամանակ առ ժամանակ վակուումների առաջացմանը։  Յուրաքանչյուր նմանատիպ հնարավորության դեպքում Ռուսաստանը փորձում է լցնել դրանք, ինչպես որ ՌՀՓ-ի պարագայում էր, երբ Թուրքիան դժգոհ մնաց ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից ԱՄՆ-ից, նաև ԵՄ-ից, սակայն աջակցություն ստացավ Ռուսաստանից, որի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը տրվել էր դրանից ընդամենը մեկ ամիս առաջ։ Ի դեպ, այդ գործընթացի մեկնարկից օրեր անց՝ 2016թ. հուլիսի 7-ին, Մեվլութ Չավուշօղլուն չբացառեց, որ Թուրքիան Ռուսաստանին կարող է թույլատրել ԻՊ-ի դեմ պայքարում օգտվել «Ինջիրլիքից»։ Օգոստոսի 20-ին այդ մասին հայտարարեց նաև Բինալի Յըլդըրըմը` ընդգծելով, որ Ռուսաստանն «Ինջիրլիքի» հարցով դեռ չի դիմել Թուրքիային։

Image result for Incirlik Base

Սակայն օգոստոսի 23-ին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի օգտագործել «Ինջիրլիքի» ավիաբազան, քանի որ այդ օբյեկտը գտնվում է ՆԱՏՕ-ի տրամադրության տակ, մինչդեռ Ռուսաստանը Դաշինքի անդամ չէ։ Քուրթուլմուշի խոսքերից ստացվում է, որ Չավուշօղլուն և Յըլդըրըմը «չեն իմացել» այդ ամենի մասին։ Ի դեպ, Քուրթուլմուշի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարեց, որ իրենք Թուրքիայից պարզաբանում են պահանջել «Ինջիրլիքը» Ռուսաստանին տրամադրելու հնարավորության թեմայով։ Փաստորեն Թուրքիան, Ռուսաստանի հանդեպ նման ժեստ անելով, փորձում էր ճշտել ՆԱՏՕ-ի և հատկապես ԱՄՆ-ի արձագանքը դրա նկատմամբ, ինչպես նաև այդ ճանապարհով զիջումներ կորզել նրանից։

Թուրքիան շարունակ դժգոհել է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի գործողություններից՝ հայտարարելով, որ տրամադրել է «Ինջիրլիքի» ավիաբազան, սակայն նա ակտիվ պայքար չի մղում ահաբեկչության դեմ։ Եվ Ռուսաստանին «Ինջիրլիքը» տրամադրելու մասին խոսակցություններն ակտիվացան հենց այս խորապատկերին։ Ավելին, Ալ-Բաբն ԻՊ-ից գրավելու գործողության ժամանակ Թուրքիան վերստին դժգոհում էր ամերիկյան ավիացիայի աջակցության բացակայությունից, ինչից հետո Սիրիայում գտնվող թուրքական զորախմբին օգնության հասավ ռուսական ավիախումբը։ Դա դարձավ Սիրիայում Ռուսաստանի ու Թուրքիայի իրականացրած առաջին համատեղ ռազմական գործողությունը[18]։ Ստացվում է, որ Թուրքիան ավիաաջակցություն չստացավ իր դաշնակից ԱՄՆ-ից, այլ ստացավ Ռուսաստանից, որի պատժամիջոցների ներքո էր նա տվյալ ժամանակ։

Մայիսի սկզբին Սոչի այցելած Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկեց նաև Թուրքիայի կողմից ռուսական S-400 ԶՀՀ-ների գնման հարցը։ Հանդիպումից հետո ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանը S-400 ԶՀՀ-ների մեկ դիվիզիոնը Թուրքիային կարող է վաճառել $500 մլն[19]։ Շատերը չեն կարող պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իսկապես այդ համակարգերը կգնի Ռուսաստանից, քանի որ կառաջանա ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին դրանք ինտեգրելու և կիբերանվտանգության ռիսկեր (Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որն ունի S-300 ԶՀՀ-ներ)։ Բացի այդ Թուրքիան չունի մեծ հեռահարության ԶՀՀ-ներ և ձգտում է լրացնել այդ բացը։ Ընդգծենք, որ 2009թ. Թուրքիան հայտարարել էր ԶՀՀ-ների մասին մրցույթ (T-LORAMIDS), որին մասնակցում էին ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (S-300), ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) կոնցեռնը (HQ-9 - FD-2000) և եվրոպական EuroSam կոնսորցիումը (Samp-T): Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց CPMIEC-ը, որը գտնվում էր ամերիկյան պատժամիջոցների ներքո:

2014թ. փետրվարին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական կողմի այդ ընտրությունը պատճառաբանեց 3 հիմնական չափանիշով. չինական կողմը համաձայնել է տվյալ hամակարգերի համատեղ արտադրությանը, առաջարկել է ամենաէժան գինը ($3.44 մլրդ, ինչը գրեթե 1 մլրդ-ով պակաս է մյուս տարբերակներից) և համակարգերը թուրքական կողմին հանձնելու ամենահարմար ժամկետը: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դժգոհություններից հետո Թուրքիան հայտարարեց, թե մրցույթի արդյունքները նախնական են և կսպասի մրցույթի մյուս մասնակիցների նոր առաջարկներին։ Սա առաջին հերթին ուղղված էր ամերիկյան կողմին. Թուրքիան ակնկալում էր, որ ԱՄՆ-ը կհամաձայնվի իր հետ կիսվել Patriot ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիայով, որպեսզի այսուհետ Թուրքիան նույնպես կարողանա արտադրել նման ԶՀՀ-ներ։ Նկատենք, որ Թուրքիայի այս մոտեցումը բավական տարածված է տարբեր տիպի զինատեսակների արտադրության վերաբերյալ մրցույթներում, և նա այդպիսով ձգտում է յուրացնել դրանց տեխնոլոգիաներն ու զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։

Image result for patriot turkey missile

Փաստորեն Թուրքիան 2013թ. պարզապես օգտագործեց չինական ընկերությունը՝ առաջին հերթին ԱՄՆ-ին իր «այլընտրանք ունենալը» ցուցադրելու, նրան շանտաժի ենթարկելու և նրանից զիջումներ կորզելու համար։ Բացի այդ Թուրքիան դրանով ցույց տվեց, որ «հարկադրված է կատարել» նման ընտրություն, որ իրեն նման քայլի մղում է ԱՄՆ-ի դիրքորոշումը։  Կարելի է ենթադրել, որ չինական կողմը հետագայում հաշվի կառնի այն, որ Թուրքիայի կողմից օգտագործվել է նման բաների համար[20]։

Այժմ պատմությունը կարծես կրկնվում է, սակայն այս անգամ թուրքական կողմի «այլընտրանքը» Рособоронэкспорт-ն է՝ իր S-400 ԶՀՀ-ներով։ Ուշագրավ է, որ թե՛ CPMIEC-ը, թե՛ Рособоронэкспорт-ը Թուրքիայի այս «այլընտրանքային ու հարկադրված» փորձերի ժամանակ գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ներքո՝ Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային զենք մատակարարելու համար։ Դրա համար էլ դժվար է հավատալ, որ Թուրքիան կհամարձակվի S-400 ԶՀՀ-ներ գնել Рособоронэкспорт-ից։ Ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստանի մոտիվացիային, ապա այստեղ էլ նա առաջնորդվում է «վակուում լցնելու» քաղաքականությամբ՝ տեսնելով, որ մեծ հեռահարության ԶՀՀ-ների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացել է վակուում։ Եթե Ռուսաստանը ցանկանում է լցնել դա, ապա նա պետք է ոչ միայն S-400 ԶՀՀ-ներ տրամադրի Թուրքիային, այլև նրա հետ կիսվի դրանց արտադրման տեխնոլոգիաներով։ Ռուսաստանն այդպիսով փորձում է Թուրքիային ցույց տալ, որ ավելի շատ է հաշվի առնում նրա շահերը և օգնում նրան, քան ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը կամ Դաշինքի անդամ այլ երկրներ։ Այսպիսով, Ռուսաստանը, կիրառելով փոքր քայլերի (վակուումներ լցնելու) մարտավարությունը, հույս ունի Թուրքիան կտրել Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից և բերել իր ուղեծիր։ S-400 ԶՀՀ-ների վաճառքի հարցը տպավորություն է ստեղծում, որ Ռուսաստանը շատ բանի է պատրաստ՝ իր նպատակին հասնելու համար։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով նշենք, որ Թուրքիային Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից կտրելու Ռուսաստանի փորձերը դատապարտված են ձախողման՝ 2 հիմնական պատճառով. 1) Ռուսաստանը գլոբալ առումով ունակ չէ Թուրքիայի համար փոխարինել ԱՄՆ-ին։ Չնայած նրան, որ Ռուսաստանը տարածքային առումով աշխարհի ամենամեծ երկիրն է, ունի միջուկային զենքի մեծ պաշարներ, այնուամենայնիվ, համարվում է տարածաշրջանային պետություն։ Անգամ Պուտինն է ընդունել, որ ներկայումս աշխարհի միակ գերտերությունն ԱՄՆ-ն է[21]։ ԱՄՆ-ը բավական մեծ ռազմական ներկայություն ունի Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում (աֆրիկյան երկրների գրեթե կեսում): Նույնը չես ասի Ռուսաստանի համար, որն Ասադին այդքան աջակցում է չկորցնելու համար Տարտուսի՝ Միջերկրածովյան ավազանում իր միակ ռազմածովային բազան։ 2016թ. ամռանն անգամ Բաշար Ասադն է նկատել, որ Ռուսաստանն ու Իրանն իրականում ոչ թե պաշտպանում են իրեն, այլ Սիրիայում իրենց շահերը[22]։

2) Թուրքիայում քաջ գիտակցում են, որ Արևմուտքից կտրվելու դեպքում երկիրը կհայտնվի Ռուսաստանի ազդեցության գոտում՝ զրկվելով այլընտրանք ցուցադրելու, մանևրելու ու ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից։ Բացի այդ արդեն ընդգծվեց Թուրքիայի համար ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կարևորությունը, և անկասկած է, որ Թուրքիան սեփական կամքով մոտ ապագայում չի լքի ՆԱՏՕ-ն (այլ հարց է, որ Թուրքիային կարող են վտարել կառույցից, թեև դրա հավանականությունը փոքր է՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական բավական կարևոր դիրքը)։

Քանիցս նշվեց, որ տարբեր դրվագներում Թուրքիան, դժգոհ լինելով ԱՄՆ-ի դիրքորոշումից, դիմել է Ռուսաստանի օգնությանը։ Սակայն կան նաև հակառակ դեպքերը, երբ ասենք Ռուսաստանը չի ընդառաջել Թուրքիային և ապավինել է ԱՄՆ աջակցությանը։ Օրինակ, Ռուսաստանը տուրք չի տվել Բաշար Ասադին տապալելու թուրքական պլաններին, և Թուրքիան ամեն պատեհ կամ անպատեհ առիթով ողջունել է Ասադի զորքերի նկատմամբ ամերիկյան ավիահարվածները և պատրաստակամություն է հայտնել միանալ Ասադի դեմ ցամաքային հնարավոր ռազմական գործողությանը (ընդ որում՝ ինչպես արդեն նշվել է, դա արել է Աստանայի բանակցությունների ժամանակ)։

Բացի այդ կարելի է հիշատակել այն, որ Էրդողանը դժգոհում էր Սև ծովում ՆԱՏՕ-ի ոչ բավարար ռազմական ներկայությունից՝ ընդգծելով, որ Սև ծովը վերածվել է ռուսական լճի։ Ընդգծենք, որ Էրդողանն այստեղ դիմում է փոքրիկ խորամանկության՝ պահանջելով մեծացնել Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը: Նա գիտակցում է, որ 1936թ. Մոնտրեի կոնվենցիան, որը կանոնակարգում է խաղաղ և պատերազմական ժամանակ սևծովյան նեղուցներով ռազմանավերի ու առևտրանավերի անցումը, սահմանափակում է ոչ միայն ոչ սևծովյան երկրների ռազմանավերի մնալու ժամկետը Սև ծովում, այլև դրանց ջրատարողությունը։ Հետևաբար, ՆԱՏՕ-ն Սև ծովում չի կարող մեծացնել ռազմական ներկայությունն իր ոչ սևծովյան անդամ երկրների ռազմանավերի միջոցով և դա պետք է անի իր սևծովյան անդամ երկրների (Թուրքիա, Բուլղարիա, Ռումինիա) միջոցով։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջում է ուժեղացնել իր նավատորմը (ավելի վաղ Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային տրամադրել նոր սուզանավեր, իսկ ԱՄՆ-ը՝ ֆրեգատներ) ու ծովային ավիացիան՝ Սև ծովում Ռուսաստանին հակակշռելու համար[23]։ Հասկանալի է, որ Թուրքիայի այս կոչերը Ռուսաստանի դեմ ուղղված կոչեր են և չեն կարող գոհացնել Ռուսաստանին։ Վերջին տարիներին (երբ Ռուսաստանը սկսեց մշտական հենքով պահել միջերկրածովյան նավատորմ) Թուրքիան շրջապատվել է ռուսական ուժեղացող նավատորմով։ Սև ծովից դեպի Միջերկրական ծով (Սիրիա) և հակառակ ուղղությամբ ռուսական ռազմանավերը շարունակում են անցնել Բոսֆորի նեղուցով՝ Ստամբուլի հենց կենտրոնով («Սիրիական էքսպրես»), ինչը նույնպես չի կարող դուր գալ 3 կողմից ծովերով շրջապատված Թուրքիային, որի ծովային սահմաններն (8333 կմ) ավելի քան 2.5 անգամ գերազանցում են ցամաքային սահմանները (2949 կմ)։ 

Image result for NATO, Russia and Turkey Black Sea

Թուրքիան այսպիսով շարունակում է խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. եթե որևէ հարցում նա աջակցություն չի ստանում կողմերից մեկից, ապա տվյալ հարցով դիմում է մյուս կողմին և ընդհակառակը։ Թեև դա Թուրքիայի համար կարելի է որակել ճկուն քաղաքականություն, սակայն մյուս կողմից էլ դա կարող է հանգեցնել նրան, որ վերջինս կդառնա անհուսալի և անկանխատեսելի գործընկեր երկու կողմի համար էլ, որի նախանշաններն արդեն տեսանելի են։ Թուրքիան ԱՄՆ-ի համար այլևս չի դիտարկվում որպես մոդել երկիր, որը նա պետք է լիներ մասնավորապես մահմեդական աշխարհի համար՝ ներկայանալով որպես իսլամի ու ժողովրդավարության հաջող խառնուրդ։ Էրդողանն իր կանխամտածված գործողություններով փոշիացրել է Թուրքիայի՝ մոդել երկիր լինելու տեսլականը։

Ռուս-թուրքական հարաբերություններն ապագայում կշարունակեն զարգացում ապրել, սակայն Թուրքիան դրա հետ մեկտեղ չի խորշի յուրաքանչյուր հնարավորության դեպքում աչքի ընկնել Ռուսաստանի դեմ գործողություններով։ Արդեն նշվեց, որ հենց Ռուսաստանը Թուրքիային արտոնեց իրականացնել «Եփրատի վահան» գործողությունը (Սիրիայի հյուսիս ներխուժելը), ապա ստիպված եղավ ուժի միջոցով կանգնեցնել այն՝ ԱՄՆ-ի հետ միասին լծվելով Թուրքիայի ախորժակը զսպելու գործին։

Ապագայում թուրք-ամերիկյան, ինչպես նաև թուրք-եվրոպական հարաբերություններն է՛լ ավելի սրվելու միտում ունեն, եթե, իհարկե, Թուրքիան շարունակի իր ներկայիս պահվածքը։ Արդյունքում Թուրքիան նույնպես կարող է կիսել Ռուսաստանի ճակատագիրը և հայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո։ Բնականաբար, շատ բան կախված կլինի նաև ԱՄՆ-ի դիրքորոշումից, որը, շատերի պնդմամբ, ընթանում է անկախ Քուրդիստան ստեղծելու ճանապարհով։ Իսկ դա կարող է կործանարար լինել ոչ միայն բուն թուրքական պետության, այլև հենց Էրդողանի համար, քանի որ քրդական պետություն կարող է ստեղծվել նրա նախագահության ժամանակ (Էրդողանը տեսականորեն կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2033-2034թթ.՝ ցմահ, թեև չենք բացառում, որ 2019թ. Թուրքիայի նախագահ կընտրվի Աբդուլլահ Գյուլը[24])։ Դա ոչ միայն ամբողջովին խաչ կքաշի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին հասնելու և նրան գերազանցելու Էրդողանի պլանների վրա, այլև Էրդողանը պատմության մեջ կմտնի որպես Քուրդիստան պետության ստեղծումը կանխել անկարող եղած Թուրքիայի նախագահ։ Ամեն դեպքում Թուրքիան շատ բան կկորցնի և մեծ խնդիրների առջև կկանգնի ԱՄՆ-ից չափից ավելի հեռանալու դեպքում (ԱՄՆ նախագահի զինանոցում շարունակում է մնալ նաև «Հայոց ցեղասպանության» եզրույթի արտաբերումը)։

Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի հետագա քայլերին, ապա նա, թերևս, կշարունակի արցախյան բանակցային գործընթացում ընդգրկվելու իր ջանքերը։ ԵԱՀԿ ՄԽ (ԵՄԽ) անդամ Թուրքիան ձգտում է հասնել նրան, որ ԵՄԽ-ում վերացվի համանախագահությունը և անդամ բոլոր երկրները ստանան հավասար իրավունքներ, որն էլ կապահովի բանակցային գործընթացում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը։ Էրդողանը կարող է հայտարարել, որ ԵՄԽ համանախագահող երկրներում չկա մահմեդական որևէ երկիր, և քանի որ Ադրբեջանը մահմեդական երկիր է, ուստիև դա «արդար» չէ։ Այսինքն «անհրաժեշտ է» կա՛մ Թուրքիան դարձնել ԵՄԽ համանախագահող երկիր, կա՛մ էլ ստեղծել Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր ձևաչափ։ Սակայն ԵՄԽ համանախագահ դառնալու Թուրքիայի փորձերը դատապարտված են ձախողման, և առավել հավանական ենք համարում, որ Թուրքիան կփորձի զարգացնել «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան» (նաև՝ «Ռուսաստան-Իրան-Թուրքիա») ձևաչափը։

Վերջին շրջանում Ռուսաստանը (արտգործնախարար Սերգեյ Լավրով) հայտարարում է, որ Թուրքիան «կարող է դրական դեր խաղալ» Արցախյան հակամարտության կարգավորման մեջ, որում զգալի առաջընթացի գրանցումն առանցքային կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար[25]։ Փաստորեն, Ռուսաստանը երկու հարցում էլ կրկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը։ Մինչդեռ ամիսներ առաջ Ռուսաստանը Թուրքիային մեղադրում էր ահաբեկչություն սատարելու մեջ, Արցախյան հակամարտության մասին պատերազմի կոչեր հնչեցնելու և միակողմանի դիրքորոշում ունենալու համար, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկից հետո փոխել է իր դիրքորոշումը։

Այս ամենը եթե ոչ ներկա փուլում, ապա հետագայում պետք է որ մտահոգի ԱՄՆ-ին, քանի որ տարածաշրջանային երկրների կողմից նորաստեղծ (եռյակ) ձևաչափով հնարավոր բանակցությունների մեկնարկը կհիշեցնի Աստանայի ձևաչափը, որը կփորձեն ծառայեցնել ԵՄԽ-ին այլընտրանք։ Տարածաշրջանային երկրները կարող են նոր ձևաչափի միջոցով փորձել հասնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում զգալի առաջընթաց գրանցելուն՝ սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության։ ԱՄՆ-ը, բնականաբար, չի ճանաչի այդ նոր ձևաչափն ու դրա արդյունքները և կարող է իր հերթին միջնորդական առաքելություն նախաձեռնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար (ԱՄՆ-ը մտադիր է $8 մլրդ ներդրում անել Հայաստանի էներգետիկ ոլորտում, ինչը վկայում է Հայաստանով նրա հետաքրքրված լինելու մասին)։ ԱՄՆ-ն ի զորու է անել դա (ոչ վաղ անցյալում նա նպաստեց Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը)։ Հաջողության դեպքում դա կնպաստի ոչ միայն Հայաստան-Թուրքիա (ՆԱՏՕ) սահմանի բացմանը, Հայաստանի շրջափակման ճեղքմանը, Ռուսաստանից Հայաստանի բավական մեծ կախվածության նվազմանը, այլև կուժեղացնի Հայաստանի և կթուլացնի Ադրբեջանի դիրքերն Արցախյան բանակցային գործընթացում, խնդիրներ կստեղծի թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Այդ դեպքում կվերացվի այն տարբերակը, որ եթե հայկական կողմն Արցախյան բանակցային գործընթացում որոշ զիջումներ անի Ադրբեջանին, ապա որպես «փոխհատուցում» կստանա Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացում։ Այսինքն մեզ համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը և ապա նոր փորձել առաջընթաց գրանցել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում և ոչ թե ընդհակառակը։ Ի դեպ, Թուրքիայում «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումը (ադրբեջանական գազն այլ երթուղով Եվրոպա ուղարկելու հարցում Թուրքիային Ադրբեջանի կողմից շանտաժի ենթարկելու տարբերակի վերացումը) և Թուրքիայում ադրբեջանական ներդրումների պակասը (Ադրբեջանում ֆինանսական դրության ծանրացումը) կարող են նպաստել Ադրբեջանից Թուրքիայի կախվածության նվազեցմանը և վերջին հաշվով Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի բացմանը։

Related image

ՀՂՈւՄՆԵՐ


[3] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ, ՄԱՀՀԻ, 17.01.2017

[8] Հայկ Գաբրիելյան, «Քրդական հարցը» Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 18.04.2011

[12] Fethullah Gulen: The Turkey I no longer know, The Washington Post, 15.05.2017

[14] 'YPG’den saldırı olursa hiç kimseye sormadan angajman uygularız', Hürriyet , 17.05.2017

[15] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը, «Նորավանք» ԳԿՀ, 04.04.2017

[16] Габриелян Айк, Турция: о планах перевода авиабазы США из Инджирлика в Грецию, Институт Ближнего Востока, 20.04.2017

[20] Հայկ Գաբրիելյան, Թուրք-չինական տարաձայնությունների շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 28.07.2015

[23] Габриелян Айк, Усиление НАТО в Черном море и позиция Турции, Институт Ближнего Востока, 14.02.2017

[24] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո, «Նորավանք» ԳԿՀ, 11.05.2017

[25] Лавров: Турция может сыграть позитивную роль в урегулировании карабахского конфликта, Panarmenian.net, 14.10.2016

 

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ», «Հետք», «»,

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)