Ենթադրում եմ, որ Ռոուհանիի այցը Հայաստան և Նաթանյահուի այցն Ադրբեջան կսրի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունները. Երևանում կազդարարվի նոր նախագծերի մասին:

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ

Հայ-իրանական փոխհարաբերությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, առաջիկայում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանելու է Հայաստան: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ այցից:

-Իրանի նախագահ Ռոուհանիի այցը Հայաստան երկար սպասված է մեր իշխանությունների եւ հայ հանրության կողմից: 2013թ. ընտրվելով Իրանի նախագահ՝ Ռոհանին արդեն 8 հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, փոխարենը՝ ոչ մի պաշտոնական հանդիպում մեր երկրի նախագահի հետ: Սա, իհարկե, այդքան էլ ցանկալի չէ մեր երկրների համար, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի բարձր մակարդակի վրա են գտնվում հայ-իրանական քաղաքական հարաբերությունները եւ որեւէ լուրջ տարաձայնություն չկա կողմերի միջեւ: Այս այցն ուշագրավ է նաեւ նրանով, որ այն տեղի է ունենալու Իսրայելի վարչապետ Նաթանյահուի՝ Ադրբեջան կատարվող այցին զուգահեռ: Ենթադրում եմ, որ Ռոհանիի այցը Հայաստան եւ Նաթանյահուի այցը Ադրբեջան կսրի նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որի նախանշաններն արդեն տեսանելի են: Այցը նաեւ տնտեսական առումով մեծ նշանակություն կունենա երկու երկրների համար, քանի որ նախատեսվում է, որ Երեւանում կազդարավի նոր նախագծերի մասին:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ մակարդակի վրա են գտնվում հայ-իրանական տնտեսական հարաբերությունները:

Հայ-իրանական տնտեսական հարաբերություններն այսօր համարժեք չեն քաղաքական հարաբերություններին։ Դրա պատճառները շատ են: Առաջին հերթին՝ դա կապված է երկու երկրների տնտեսությունների կառուցվածքների հետ: Հայաստանում արտադրվող ապրանքները մեծ պահանջարկ չունեն իրանական շուկայում, իսկ իրանական ապրանքները՝ հայկականում: Հաջորդ պատճառը փոխադարձ առեւտրի մեջ բարձր մաքսատուրքերն են: Իրանը տնտեսական առումով վարում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն. պաշտպանում է իր տնտեսությունը եւ բարձր մաքսատուրքեր սահմանում օտարերկրյա ապրանքների համար: Հայաստանի պարագայում բարձր մաքսատուրքերը պայմանավորված են մեր երկրի՝ ԵՏՄ-ի անդամ լինելու հանգամանքով եւ դա խոչընդոտում է երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին: Սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում եւ ներկայումս Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում՝ երկկողմ առեւտրում արտոնյալ առեւտրի ռեժիմ սահմանելու համար:  Հավանաբար, Երեւանում Իրանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ կհայտարարվի Մեղրիում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Հնարավոր է նաեւ ստորագրվի հոկտեմբերի վերջին Իրանի եւ Հայաստանի միջեւ նախաստորագրված, մեր երկրի տարածքով իրանական գազը Վրաստան տեղափոխելու մասին համաձայնագիրը: Երկու երկրի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները չափազանց համեստ են եւ այն կազմում է տարեկան շուրջ 300 մլն դոլար: Ընդ որում, ընդհանուր ծավալի մեջ գերակշռում է Իրանից Հայաստան ապրանքների ներմուծումը:

-Հնարավո՞ր է Իրանի եւ Հայաստանի սահմանին նավթամշակման գործարան կառուցել:

Այո, կա այդպիսի մի նախագիծ, բայց ոչ թե սահմանին, այլ խոսքը գնում է այդպիսի մի ոչ շատ մեծ գործարանի կառուցման մասին` Եղվարդում: Անցյալ տարի կառավարության նիստում ընդունվեց մի որոշում, որի համաձայն «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարի ժամկետով պետք է հետաձգվեր: Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ներկայում, կարծեմ, այն դեռ կառուցման փուլում է գտնվում:

Անահիտ Սիմոնյան

14.12.2016

Աղբյուրը՝ «Ասպարեզ»